Արթենյանները խնամքով են պահում անցյալ դարի «մոռացված» իրերը

Ախալքալաք մունիցիպալիտետի Օրջա գյուղի գողտրիկ արհեստանոցների մեկում Մկրտիչ Արթենյանը խնամքով պահել է անցյալ դարի կենցաղային, գյուղատնտեսական և երաժշտական գործիքների մի քանի նմուշ։

Այսօր շատերին անծանոթ թվացող գործիքները 1900-ական թվականներին չափազանց կարևոր իրեր էին։ Ժամանակակից աշխատանքը թեթևացնող տեխնիկայի զարգացմանը զուգընթաց` այսօրինակ բազմաթիվ իրեր կորցրել են իրենց կիրառական նշանակությունը, դրանց թվում նաև երկանքը, որը Մկրտիչ Արթենյանը պահել է իր դարանում․

«Սա կենցաղային կարևոր նշանակության գործիքներից մեկն է, երկանքը ձեռքի աղորիք է, որ բաղկացած է զույգ տափակ, տաշած քարերից, օգտագործում էին ցորեն մանրելու նպատակով` ալյուր ստանալու համար», — ասում է Արթենյանը։

Կենցաղային օգտագործման իրերից, թերևս, ամենահետաքրքիրներից մեկը խորոված պատրաստելու կարասն էր։

«Այս գեղեցիկ կարասը ծառայում էր որպես խորոված պատրաստելու հարմարանք։ Արտաքինից հիշեցնում է կավից պատրաստված սովորական կարաս, իսկ երբ բացում եք բերանը, ներսում հատուկ անցքեր կան` խորովածի շիշը մտցնելու համար, շուրջը էլեկտրականություն կա, իսկ ամենաներքևում թասն է, որ յուղն այդտեղ կաթի», — պարզաբանում է Օրջա գյուղի բնակիչը։

Արհեստանոցի դարակներից մեկին ինքնաեռն է բազմած («ավելի հայտնի է «սամավար» անվամբ), որը ևս էլեկտրականությամբ է աշխատում․ «Թեյ պատրաստելու, ջուր եռացնելու հարմարանք է, ժամանակակից թեյնիկի նախնին է»։

Ուղեկցելով «Ալիք Մեդիա»-ի լրագրողին արհեստանոցի այլ անկյուններ, Արթենյանը ցույց է տալիս երաժշտական գործիքը՝ պատեֆոնը (ձայնապնակի վրա գրանցվածը վերարտադրող երաժշտական ապարատն է), որը 1950-ական թվականներին է ձեռք բերվել.

«Ներսում սկավառակ էլ կա», — սնդուկը բացելով` ասում է նա և միացնում երաժշտական գործիքը, ընթացքում էլ շարժում է սկավառակը, որ երաժշտությունը չընդհատվի։

Արվեստից կտրուկ անցում ենք կատարում լրատվական-տեղեկատվական ոլորտին և բացահայտում 1960-ական թվականների ռադիոն․

«Ռադիոն այն ժամանակներում հատուկենտ միջոցներից մեկն էր` տեղեկանալու աշխարհի, թեկուզ միայն Սովետական Միության տնտեսական, սոցիալական և քաղաքական անցուդարձի մասին։ Սա նաև ծառայել է որպես ձայնագրող սարք. հիշում եմ, սրանով հնարավոր էր ձայնագրել զրույցը և հետո լսել», — պատմում է Արթենյանը։

Կաշեգոտիով լուծը, որով լծում էին եզներին և փխրեցնում ձմռան ցրտից կարծրացած հողը, նոր տեխնիկայի ի հայտ գալուն զուգընթաց` գրեթե չի գործածվում, բայց Մկրտիչ Արթենյանը շարունակում է պահել իր արհեստանոցում․

«Այս լուծը երկու եզի համար է նախատեսված, իսկ սա կաշվե ամրակն է` ամուր որպեսզի չպոկվի կենդանու ծանրությունից։ Սրանով ենք ժամանակին վարուցանք արել, երբ դեռ ժամանակակից տրակտորները հասանելի չէին խորհրդային տարիներին», — պատմում է Արթենյանն ու արհեստանոցից հանում լուծը` ավելի լավ ցուցադրելու համար։