«Արժանի գործընկերը»՝ ՆԱՏՕ-Վրաստան փոխգործունակության խորացման ևս մեկ քայլ. Ղարիբաշվիլի

«Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժության ամփոփիչ միջոցառման ժամանակ իր ելույթում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ այն ևս մեկ հետևողական քայլ է միջազգային համագործակցության, Վրաստանի հպարտ բանակի պրոֆեսիոնալիզմի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակության խորացման ուղղությամբ:

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել զորավարժություններին ներգրավված զինծառայողներին, ինչպես նաև հատուկ շնորհակալություն է հայտնել վրացի զինվորականներին և նշել, որ նրանք ևս մեկ անգամ ցույց են տվել իրենց բարձր պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվությունը։

«Նաև ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր հիմնական ռազմավարական գործընկերոջը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ուսուցման կազմակերպման և  իրականացման գործում ունեցած ներդրման համար։ Մեր համագործակցությունը և գործընկերությունը ուժեղ և աճող դինամիկա է, որն ուղղված է մեր երկրի պաշտպանունակության և ճկունության ամրապնդմանը»,- ասել է վարչապետը:

Վրաստանի պետական ​​օրհներգից հետո միջոցառման հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգել են Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված մարտիկների հիշատակը։

Ելույթ են ունեցել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը և ԱՄՆ բանակի V կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ջեֆրի Բրոդուոթերը:

Միջոցառումը շարունակվել է զորավարժությանը մասնակցող անհատական ​​անձնակազմի պարգևատրմամբ:

Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Թինա Խիդաշելին դժգոհություն էր հայտնել, որ «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունների բացմանը ներկա չեն եղել ոչ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ոչ էլ անգամ Վրաստանի  պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։

Վարչապետն ու ՊՆ նախարարը ներկա չեն եղել ԱՄՆ-ի հետ զորավարժությունների բացմանը. Խիդաշելի