Աստվածհայտնության տոնը Տուրցխ գյուղում

Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում ամեն տարի մեծ շուքով է նշվում  Աստվածհայտնության տոնը։ Հարևան գյուղերի բնակիչները ևս շտապում են այստեղ՝ իրենց հետ տանելու օրհնված ջուրը։

Տեղացիներն Աստվածհայտնությունը հաճախ անվանում են «Խաչը ջրի օր»։ Տուրցխ գյուղում տոնը սկսվում է հիմնականում գիշերը ժամը 4-ին տեղի ունեցող մեծ պատարագով։ Զարդարում են ամբողջ գյուղը և եկեղեցին։

«Մեր գյուղում միշտ մեծ շուքով է նշվել այս տոնը, ունենք նաև ավանդույթներ քրիստոնյաների համար այս ամենակարևոր օրվա հետ կապված, ինչպիսին օրինակ «Խաչի քավոր» ընտրելն է։ Ամեն տարի գյուղից մի արական սեռի ներկայացուցիչ լինում է «Խաչի քավոր», այսինքն նա այս արարողությանը կունենա առանձնահատուկ պաշտոն։

Գյուղում ամեն տարի մեծ խնջույք է կազմակերպում այդ տարվա «խաչի քավորը», զարդարում գյուղը, և մասնակցում խաչը ջուրը գցելու արարողությանը։ Խնջույքին հրավիրվում են բոլոր գյուղացիները, ինչպես նաև հարևան գյուղերի բնակիչները, մատուցվում է հայկական ավանդական խաշը» — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Տուրցխ գյուղի բնակիչ Վալերյա Օգանեսյանը։

Գյուղում ընդունված է գեղեցիկ զարդարել հատկապես գլխավոր եկեղեցին, որտեղ տեղի է ունենում ծիսակարգը։

«Եկեղեցու դիմաց դրված է մի մեծ խաչ, որի մեջ լցվում է ջուրը, կատարվում խաչը ջուրը գցելու արարողությունը, այդ ջուրն օրհնված է համարվում, և շատ գյուղերից գալիս են հենց այդ ջրից տանելու, քահանաները նշում են, որ այսօր բոլոր ջրերն են օրհնված» — նշում է մեր զրուցակիցը։

Տաթև Խոցանյան

լուսանկարը՝ գյուղի էջից