Աճում է Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից

2023 թվականի 6 ամսում Վրաստանում գրանցվել է 6 539 ռուսական ընկերություն, իսկ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո՝ 21 հազար 326 ընկերություն։ Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության զեկույցում:

Ըստ TI-ի՝ 2022 թվականին Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից աճել է։ Կախվածության աճը շարունակվել է նաև 2023 թվականի առաջին կիսամյակում։

«Հունվար-հունիսին Վրաստանը Ռուսաստանից 2 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել տրանսֆերտների, զբոսաշրջության և ապրանքների արտահանման միջոցով, ինչը 1,6 անգամ գերազանցում է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ցուցանիշը։

2023 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից ստացված եկամուտը կազմել է Վրաստանի տնտեսության  14,2 տոկոսը, մինչդեռ 2022 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել է 11,7 տոկոս»,- նշված է զեկույցում: