Ախոնդրոպլազիա ունեցող երեխաների ծնողները շարունակում են գիշերել դրսում

Արդեն 2 շաբաթ է, ինչ ախոնդրոպլազիա ունեցող երեխաների ծնողները գիշերում են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իշխանությունից ներմուծել իրենց երեխաների համար կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցը և փոխհատուցել դրա ձեռքբերման ծախսերը։

Երկարատև բողոքի ցույցերի արդյունքում՝ Վրաստանի առողջապահության նախարարության (ԱՆ) մամուլի ծառայությունը տարածել է փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությունը, ըստ որի` ԱՆ-ն պատրաստ է, առաջնորդվելով հանուն երեխաների սկզբունքով, արագացված ժամկետներում տրամադրել ախոնդրոպլազիայի բուժման համար անհրաժեշտ արձանագրություն և ուղեցույց։ Սակայն ծնողները թերահավատ են` արդյո՞ք կառավարությունը կապահովի դեղամիջոցի ներմուծումը երկիր։

Քաղաքացիական ակտիվիստներից մեկը` Նաթիա Ծիկլաուրին, «Ալիք Մեդիա»-ին տված հարցազրույցում ասաց․ «Պատրաստ եմ գալ ցույցերին մինչև իմ աչքով չտեսնեմ, որ դեղը երկրում է, ու երեխաները բուժվում են։ Մենք այս փորձն ունենք, մեկ տարի է սպասում ենք դեղամիջոցին. չմոռանանք, որ ամեն րոպեն, ժամը, ամիսը, ճակատագրական են մեր երեխաների համար, և մենք պարտավոր ենք պայքարել»։

Թամար Գաբունիան հայտարարել էր, որ «Վրաստանի փոքրիկ մարդիկ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու ինչպես հազվագյուտ հիվանդությունների հարցերով համակարգող խորհրդի, այնպես էլ ախոնդրոպլազիայի հարցերով աշխատող բազմամասնագիտական ​​խմբի աշխատանքներին։

Ախոնդրոպլազիա ունեցող երեխայի ծնող և «Վրաստանի փոքրիկ մարդիկ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լիա Շալվաշվիլի խոսքով, իր համար կարևոր է մասնակցել նման կոնֆերանսի, սակայն շատ ավելի կարևոր է, որ այդ ամենը արդյունք տա, և երեխաների բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցը ներմուծվի․

«Մենք, այո՛, պատրաստ ենք դիմակայել և՛ արևին, և՛ անձրևին, միայն թե այս հարցին շտապ լուծում տրվի։ Հույս ունեմ՝ կկարողանանք հասցնել մեր խոսքը կառավարությանը, և այնտեղ անտարբերության չեն մատնի խնդիրը, քանի որ դա կյանքի ու մահու հարց է»։

Ի՞նչ հիվանդություն է ախոնդրոպլազիան։

Ախոնդրոպլազիան հազվագյուտ գենետիկ հիվանդություն է, աշխարհում այս հիվանդությունը հայտնաբերվում է մոտավորապես 20-30 հազարից մեկ երեխայի մոտ: Ախոնդրոպլազիա ունեցող չափահաս տղամարդու հասակը մոտ 132 սմ է, կնոջը՝ 124 սմ։

Այս ախտորոշմամբ մարդկանց ոսկրային կառուցվածքը զարգանում է անհամաչափ, երեխայի աճի ընթացքում վերջույթների աճը դանդաղում է, ինչը հաճախ պատճառ է դառնում տարբեր ախտանիշների, այդ թվում՝ լսողության և շնչառության խնդիրների, արտահայտված լորդոզի (ողնաշարի կորություն), հիդրոցեֆալուսի և այլ առողջական խնդիրների առաջացման:

Ի՞նչ է VOXZOGO-ն և ո՞ւմ է անհրաժեշտ։

VOXZOGO դեղամիջոցը, որը կլինիկական փորձարկումներ է անցնում արդեն 11 տարի (2012 թ. փետրվարից), օգտագործվում է ախոնդրոպլազիա ունեցող երեխաների բուժման համար։

Հետազոտությունների համաձայն՝ ախոնդրոպլազիայի համախտանիշով երեխաների մոտ VOXZOGO դեղամիջոցի օգտագործումը խորհուրդ է տրվում միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց աճը չի դադարել։

Ըստ արտադրող ընկերության, դեղամիջոցը կարող է խթանել ոսկորների աճը ախոնդրոպլազիա ունեցող երեխաների մոտ: Այս ոլորտի մասնագետներն ասում են, որ դեղամիջոցն օգնում է ծանր ախտանիշների թեթեևացմանը և երեխաներին որակյալ կյանքով ապրելու հնարավորություն է տալիս:

Նշենք, որ ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների ծնողներն արդեն տասնյակ ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով իրենց երեխաների համար կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցը ներմուծել։ 

Ծնողներն ասում են, որ դեղամիջոցը հաստատվել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) և Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) կողմից 2021 թվականին և առաջին դեղամիջոցն է, որն օգտագործվում է ախոնդրոպլազիայի և դրա հետևանքով առաջացած ախտանիշների բուժման համար:

Ի դեպ, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների մայրերը խնդրում են VOXZOGO դեղամիջոցի ներդրումն ու ֆինանսավորումը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում որոշ ծնողներ գիշերում են կառավարության շենքի մոտ: Ծնողները նշում են, որ այդ դեղամիջոցը կենսական նշանակություն ունի ախոնդրոպլազիայի ախտորոշմամբ երեխաների համար և արդյունավետ է միայն մինչև 14-16 տարեկանը: