Այս տարի Թբիլիսիում Հայոց ցեղասպանությանը նվիրված բողոքի ակցիաներ չեն անցկացվի

«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, ըստ որի երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված, ծրագրված ավանդական բողոքի ակցիաները՝ ապրիլի 23-ի ջահերով երթը և ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացվելիք ցույցը, չեղարկվում են:

Համայնքը կոչ է անում մեկական մոմ վառել մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

«Սիրելի հայրենակիցներ, մեր հորդորն է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի նախօրեին՝ 2020 թվականի ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին, ձեր տներում մեկական մոմ վառել մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հիշում և պայքարում ենք արդարության համար: Հուսով ենք, համատեղ ջանքերով, մեր կազմակերպվածության շնորհիվ կհաղթահարենք այս լուրջ մարտահրավերը: Մնացեք տանը: Բոլորիդ մաղթում ենք առողջություն ու համբերություն», — ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում: