«Բարության արկղ». հագուստ ու կոշիկ կարիքավոր անձանց համար

Արդեն 6 ամիս է Թբիլիսիի տարբեր կետերում «Կարիտաս Վրաստանի» նախաձեռնությամբ գործում են «Բարության արկղերը»՝ նախատեսված կարիքավոր անձանց համար: «Գալերիա Թբիլիսի» առևտրի կենտրոնում տեղակայված արկղն այսօր մինչև վերջ լցված է:

Նախաձեռնության նպատակներն ի սկզբանե երեքն են՝ օգնել կարիքավոր անձանց, ապահովել նրանց հագուստով ու կոշկեղենով, հանրության ներսում բարձրացնել սոցիալական պատասխանատվության զգացումը, վերարտադրել կուտակված մնացորդները:

«Կարիտաս Վրաստան»-ի տնօրեն Անահիտ Մխոյանն «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է՝ ծրագիրը սկսել են մտածելով, որ երկար ժամանակ անհրաժեշտ կլինի հագուստի նորմալ քանակ հավաքելու համար, սակայն արդյունքներն այլ են՝ մինչ այս պահը, 6 ամսվա ընթացքում կուտակվել է 3 տոննա հագուստ:

«Հիմա զբաղված ենք տեսակավորումը արդյունավետ կազմակերպելու հարցերով։ Արձագանքում են ոչ միայն հասարակ քաղաքացիները, բայց նաև մեծ հագուստի խանութի ցանցերը։ Սեպտեմբերից պլանավորում ենք նոր հասարակության իրազեկման ակցիաներ, որոնք կօգնենք ավելի որակյալ և մաքուր հագուստի հավաքումը», — ասում է Մխոյանը:

Նրա խոսքով, հագուստի բաշխման մեխանիզմ արդեն իսկ կար, նախկինում «Կարիտասը» օգտագործած հագուստ էր ներկրում Իտալիայից, այս տարի՝ Գերմանիայից:

«Կարիտաս» Վրաստանի տնօրենը հավելում է․ «Կարծում ենք, որ ավելի լավ է ներսի եղած ռեսուրսները վերակազմակերպել, քան դրսից այդքան մեծ քանակությամբ օգտագործված հագուստ ներկրել»:

Այսօր բարության արկղեր տեղակայված են Թբիլիսիի 8 կետերում՝ հիմնականում այգիներում, առևտրի կենտրոններում:

Հարկ է նշել նաև, որ Թբիլիսիում նման նախաձեռնություն իրականացնում էին երիտասարդները նույնպես՝ տեղադրելով պահարաններ քաղաքի տարբեր կետերում, որտեղ ցանկացած քաղաքացի կարող էր կարիքավորների համար սնունդ թողնել, կամ հագուստ: