#CheckinTbilisi. «Լուսանկարչության գիշեր», աղբամաքրման համաշխարհային օր, հեծանվաերթ

Ի՞նչ անել շաբաթավերջին Թբիլիսիում..․ Վրաստանի մայրաքաղաքում նախատեսված  ամենաթեժ միջոցառումների հերթական ցուցակն է ներկայացնում «Ալիք Մեդիան»՝ #CheckinTbilisi շարքի շրջանակներում:

Աշնանային հանգիստը Թբիլիսիում հնարավոր է վայելել տարբեր ճանապարհներով, օրինակ բացօթյա ֆիլմի դիտումները երբեք չեն կարող վատ գաղափար լինել: Թբիլիսիի «Նոր Մզիուրի» այգին առաջարկում է ուրբաթ օրը, սեպտեմբերի 14-ին, ժամը 19:40-ին դիտել «Թռչող տուն» օսկարակիր մուլտֆիլմը, որը հոգեհարազատ է մեծերին ու փոքրերին:

Շաբաթավերջը խոստանում է լինել նոր և առողջ կյանքով լի, մեր շարքի այս ցուցակում տեղ են գտել հեծանվավազքի վերաբերյալ մի քանի միջոցառումներ: Տերաբանկը հոգում է հեծանիվների սիրահարների մասին: Հիշո՞ւմ եք տերաբայկ քարոզարշավը: Ահա այդ քարոզարշավի ընթացքում պարզվել է, որ շատերը մեծ սիրով կվարեին հեծանիվ, սակայն չեն կարողանում: Այսպիսով, Տերաբանկը որոշում է կայացրել հեծանվորդելու անվճար դասընթացներ անցկացնել Թբիլիսիի Վակե այգում՝ սեպտեմբերի 15-16-ը բոլոր ցանկացողներին հեծանվորդել կսովորեցնեն պրոֆեսիոնալները:

Աղբամաքրման համաշխարհային օրն ամբողջ աշխարհին կմիանա նաև Թբիլիսին. սեպտեմբերի 15-ին, ժամը 9:30, Հանրապետության Հրապարակից «Արի անենք սա աշխարհի համար» խորագրով ակցիայի մասնակիցները կտեղափոխվեն Թբիլիսիի ծովի հարակից տարածք, որտեղ տրամադրված ձեռնոցներով աղբից կմաքրեն տարածքը:

«Թբիլիսիի ֆոտո» փառատոնի «Լուսանկարչության գիշեր» միջոցառումն արդեն 9-րդ անգամ տեղի կունենա սեպտեմբերի 15-ին: Մեկ գիշերվա ընթացքում ներկաներն ու հյուրերը հնարավորություն կունենան վայելել ժամանակակից լուսանկարչության նմուշները:

«Ռուսթավի քաղաքի տոն 2018»-ի շրջանակներում սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին կմեկնարկի հեծանվաերթ, մրցույթից հետո տեղի կունենա մրցանակաբաշխություն, այնուհետև գույների փառատոն, ամբողջ միջոցառումը կուղեկցվի երաժշտությամբ:

Նվեր Թբիլիսիին. մայրաքաղաքի միջազգային թատերական փառատոնի շրջանակներում տեղի կունենա Քեթի Մելուայի և նրա խմբի համերգը, մուտքն ազատ է: Սեպտեմբերի 16-ին, սկիզբը՝ ժամը 21:00-ին, Եվրոպայի հրապարակում: