Ցույցի ժամանակ այրել են Ռուսաստանի դրոշը

Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին աղմկահարույց օրինագծերի քննարկմանը զուգահեռ խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ այրել են Ռուսաստանի Դաշնության դրոշը։

Մինչ այդ օրենսդիր մարմնի մոտ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները ձվեր են նետել խորհրդարանի շենքի վրա։

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:

Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովներն արդեն հավանություն են տվել օրինագծերին:

Արտերկրից աջակցությունը Վրաստանը զարգացնելու համար է․ ցուցարարներ