Դեսպան Սմբատյանը մի շարք հանդիպումներ է ունեցել

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը նոյեմբերի 14-ին և 15-ին մի շարք հանդիպումներ է ունեցել: Տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Տեղեկության համաձայն, նոյեմբերի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալներ Իոսեբ Բագատուրիայի և Քոբա Խուբունաիայի հետ: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են մշակույթի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա խորը և բազմաշերտ կապերին՝ կարևորելով այս ուղղությամբ ձևավորված համագործակցության հետևողական զարգացումը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել առաջիկայում նախանշված մշակութային միջոցառումների և այլ ծրագրերի վերաբերյալ։

Նոյեմբերի 14-ին դեսպան Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի հետ։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև մտքեր են փոխանակվել ոլորտային կապերի խորացման հնարավոր ուղղությունների և առաջիկա անելիքների վերաբերյալ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: