Դիմակների սխալ օգտագործումը կարող է հակառակ արդյունք բերել. ԱՀԿ

Պաշտպանիչ դիմակների չափազանց շատ ու սխալ օգտագործելը պանդեմիայի պայմաններում ոչ միայն օգուտ չի բերի, այլև կհանգեցնի նրան, որ դիմակները չեն բավարարի այն մարդկանց, ովքեր իրապես ունեն դրանց կարիքը:

Այս մասին զգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն  Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: Մասնավորապես՝ կազմակերպությունը խորհուրդ է տալիս դիմակ կրել միայն հիվանդ մարդկանց ու նրանց, ովքեր տնային պայմաններում հիվանդ են խնամում: Իսկ բժշկական հաստատություններում խորհուրդ է տրվում հատուկ դիմակներ ու նաև այլ պաշտպանիչ հագուստ կրել:  Ինչ վերաբերում է դիմակների լայն օգտագործմանն, ապա ԱՀԿ-ը երկրներին կոչ է անում նման խորհրդատվություն տալուց առաջ հաշվի առնել դրանց արդյունավետությունը, քանի որ միայն դիմակ կրելը covid-19-ը բուժելու համար բավարար չէ: Պետք է շարունակել վեր հանել, թեստավորել, մեկուսացնել, բուժել բոլոր հիվանդներին, հետևել շփումներին:

Գլխավոր տնօրենն ասել է, որ ներկայումս 20 կազմակերպություն ու գիտական ինստիտուտ պատվաստանյութի վրա են աշխատում: Նա կոչ է արել բոլոր պետություններին, կազմակերպություններին ու գիտական կառույցներին՝ աջակցել բաց տեղեկատվությանը, գիտությանն ու համագործակցությանը, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել գիտության ու հետազոտությունների արդյունքից:

Հիշեցնենք՝ Վրաստանի դեղատներում արդեն մեկ ամսից ավել է՝ դիմակների, սպիրտի ու ախտահանող նյութերի դեֆիցիտ է: Արգելվել է երկրից դիմակների ուղարկումը: Հայտնի է, որ դիմակների արտադրություն է սկսվել երկրում, ու մոտ օրերս վաճառքում կհայտնվեն:

Այս ընթացքում անհատ «դիմակագործներն» օգտվում են առիթից, տնային պայմաններում կտորից ու այլ նյութերից բազմակի օգտագործման դիմակներ են կարում ու համացանցի միջոցով վաճառում՝ միջինը 3-5 լարիով ( մոտ1$), մինչդեռ սովորական պայմաններում  բժշկական դիմակը դեղատանը վաճառվում էր 20-30 թեթրիով: