Դրամաշնորհի քննարկում Ախալքալաքում

Այսօր՝ մարտի 25-ին, Ախալքալաքում կայացավ Վրաստանի Ռազմավարության և զարգացման կենտրոնի (GCSD) կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպումը, որտեղ քննարկվեցին փոքր և միկրո բիզնեսների անհրաժեշտություններն ու դրանց առջև գոյություն ունեցող մարտահրավերները: Նմանատիպ հանդիպում մինչ այս կայացել է նաև Ախալցիխեում, ինչպես նաև Քվեմո Քարթլիի մունցիպալիտետներում։

Հանդիպմանը մասնակցում էին տեղացիներ, ինչպես Ախալքալաքից, այնպես էլ Նինոծմինդայից, տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ձեռներեցներ։ GCSD-ի ներկայացուցիչների կողմից հարցեր հնչեցին լսարանին՝ պարզաբանելու նրանց հուզող խնդիրները և մարտահրավերները։ Հրավիրվածները ևս հետաքրքրվեցին դրամաշնորհ ստանալու գործընթացի մասին։

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների խնդիրները, որոնք հավաքվածների կարծիքով կարող են խոչընդոտ հանդիսանալ նմանատիպ նախագծերի մասնակցելիս, ուշադրություն դարձվեց հատկապես լեզվի չիմացության խնդրին, հնչեցին տարբեր առաջարկներ՝ կապված թարգմանչական օգնության և այլ մեխանիզմներ գործի դնելու վերաբերյալ։

«Միկրո և փոքր բիզնեսի աջակցություն 2022» նախագծի համակարգող Մարիամ Իմերլաշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ համեմատաբար քիչ նախագծեր են ներկայացվում և ֆինանսավորվում Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո-Քարթլիի մարզերի բնակիչների կողմից․

«Մեր կազմակերպության կողմից արված հետազոտությունները վկայում են այն մասին, որ համեմատաբար քիչ ձեռներեցներ են դիմում Սամցխե-Ջավախեթիից, ինչպես նաև Քվեմո Քարթլիից, ինչի պատճառը գուցե իրազեկվածության ցածր մակարդակը և պետական լեզվի չիմացության խնդիրներն են։ Մեր նպատակն է աջակցել Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո-Քվարթլիի բնակչությանը, տրամադրել տեղեկություն դրամաշնորհային ծրագրին մասնակցելու կարգի մասին, աջակցել նրանց իրականացնելու իրենց գաղափարները»։

Իմերլաշվիլին հայտնում է, որ նման տեղեկատվական այցերը կշարունակվեն առաջիկայում ևս․

«Շարունակելու ենք մեր այցերը, ավելի շատ մարդկանց ներգրավելու, օգնելու և իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար։ Այս ընթացքում ևս կփորձենք աշխատել հարցով հետաքրքրված յուրաքանչյուրի հետ յուրովի, օգնել նրանց լուծել նաև տեխնիկական խնդիրները՝ կապված դրամաշնորհային նախագծեր ներկայացնելու, ինչպես նաև օգնելու լեզվի իմացության տեսանկյունից, եթե չեն տիրապետում պետական լեզվին» — ասում է Իմերլաշվիլին։

Նրա խոսքով, բացի այս, Սամցխե-Ջավախեթիում իրականացվել են նաև այլ ծրագրեր այդ թվում նաև պատվաստման մասին տեղեկատվություն տրամադրելու նախագիծը։

Նախագծի համակարգողն ընդգծում է, որ յուրաքանչյուր հետաքրքրված անձ կարող է դիմել կազմակերպությանը իրեն հետաքրքրող հարցով, իսկ մանրամասներին ծանոթանալու համար կարող է այցելել պաշտոնական կայքէջ։

«Միկրո և փոքր բիզնեսի աջակցություն 2022» պետական ծրագիրը «Արտադրիր Վրաստանում»-ը մեկնարկել է 2022 թվականի մարտի 21-ին, այն կտևի 3 շաբաթ, քաղաքացիները կարող են դիմել և գրանցվել մինչև ապրիլի 11-ը։ Ծրագրի շրջանակներում հնարավոր է ձեռք բերել մինչև 30 000 լարիի (9300 դոլար) դրամաշնորհ։

GCSD-ն Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ աջակցելու տեղացիներին ֆինանսավորում ստանալ և իրագործել իրենց նախագծերը։ «Միկրո և փոքր բիզնեսի աջակցություն 2022» նախագիծը ներառում է ինչպես հետազոտություններ, այնպես էլ միջոցառումներ։