Ընդդիմությունն ու քաղհասարակությունը՝ «Անհայրենիք դավաճաններ» խորագրով պաստառներին

Թբիլիսիի փողոցներում պաստառներ են հայտնվել «Անհայրենիք դավաճաններ» և «Եկեղեցուն հայհոյող լրտեսներ» մակագրությամբ։

Պաստառների վրա ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են։ Նրանց թվում են Էլենե Խոշտարիան, Լևան Բերձենիշվիլին, Գիորգի Գախարիան, Մամուկա Խազարաձեն, Դավիթ Ուսուփաշվիլին, Նինո Լոմջարիան և Էկա Գիգաուրին։

Նշենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանը քննարկում է «Օտարերկրյա թափանցիկության մասին» օրինագիծը։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին աղմկահարույց օրինագծերը խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Օրինագծերից առաջինը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։

Երկրորդը, ԱՄՆ-ում նացիստական ​​քարոզչությունը կանխելու համար 1938 թվականին ընդունված ամերիկյան FARA օրենքի թարգմանությունն է, որը ​​վերաբերում է օտարերկրյա լոբբիստական ​​կազմակերպություններին և լոբբիստներին։

Ընդգծենք՝ օրինագծերը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:

Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովները հավանություն են տվել օրինագծերին: Նիստն անցել է պատգամավորների միջև ծեծկռտուքի և բողոքի ակցիաների ֆոնին։