Ընդդիմությունը քննադատում է վարչապետին ԵՄ հանձնարարականները չկատարելու համար

Վրաստանի վաչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ կոշտ գնահատական է տվել «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության նախագահ Գիորգի Վաշաձեի ելույթին։

«Ձեր ելույթը կեղծավորության և ստի ներկայացում էր, անընդունելի օրինակ՝ քաղաքական գործչի պահվածքի։ Դուք վիրավորում եք մեր հասարակությանը, մեր բնակչության ճնշող մեծամասնությանը, մեր պատգամավորներին», — ասել է վարչապետը։

Նշենք, որ այսօր խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում՝ Գիորգի Վաշաձեն, հարցեր են հղել վարչապետին՝ կապված Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման հետ։

Գիորգի Վաշաձեն դիմելով ներկաներին՝ ասել է, որ կառավարությունը չի հետևում ԵՄ առաջարկություններին։

Դիմելով ընդդիմությանը՝ Ղարիբաշվիլին իր հերթին ընդգծել է, որ «Վրացական երազանքն» ամեն ինչ արել է թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, իսկ ընդդիմությունը հակառակը, որ Վրաստանը չստանա այդ կարգավիճակը։