Ընդգծվել է Վրաստանի հաջող միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարի հետ, տեղեկանում ենք Վրաստանի կառավարությունից:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության միջավայրին և մարտահրավերներին։

«Հերթական անգամ ընդգծվեց Վրաստանի հաջող միջնորդությունը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ արձակեց հայ ռազմագերիներին, իսկ դրա դիմաց Հայաստանն ադրբեջանական կողմին հանձնեց ականապատ տարածքների քարտեզները։ Թբիլիսիում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ղարիբաշվիլին պատրաստակամություն է հայտնել շարունակել միջնորդի դերը հարևան երկրների միջև՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։