Ընտրությունները հետաձգելու պատճառ չկա. Թալակվաձե

«Այս պահի դրությամբ ես ոչ մի հիմք չեմ տեսնում ընտրությունները հետաձգելու համար», — ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

Ըստ նրա, կառավարությունը մոբիլիզացված է՝ գարնանային նստաշրջանին սահմանադրական փոփոխություններ կատարելու և համաձայնեցված համակարգով ընտրություններ անցկացնելու համար.

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանադրական փոփոխությունների և օրենսդրության վերաբերյալ: Մենք խորհրդակցություններ ենք ունեցել ընդդիմության հետ, ես անձամբ հրավիրել եմ խորհրդարանական բոլոր քաղաքական խմբերին և քննարկումներ ունեցել նրանց հետ: Այնպես որ, այս պահի դրությամբ պարզապես որևէ սպառնալիք չկա, որ մենք ի վիճակի չենք լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ:

Մենք փորձում ենք վերադասավորել օրացույցը, որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենան գարնանային նստաշրջանի ընթացքում: Անհրաժեշտության դեպքում մենք կաշխատենք մինչև հունիսի վերջ և ընտրությունները կանցկացվեն համաձայնեցված համակարգով», — ասել է Թալակվաձեն: