Էլեկտրաէներգիայի անջատումներ Վրաստանում․ զարգացումներ զանգվածային հոսանքազրկման շուրջ

Վերջին շրջանում Վրաստանում արդեն երկրորդ անգամ է տեղի ունեցել համակարգային վթար, որի հետևանքով գրեթե ամբողջ երկիրը մնացել էր առանց հոսանքի։ Այս թեման ակտիվորեն քննարկում են հանրությունն ու փորձագիտական շրջանակները. առաջին հոսանքազրկման ժամանակ որոշ շրջաններում մի քանի օր շարունակ էլեկտրականությունը չէր վերականգնվում։

Էներգետիկան կարգավորող հանձնաժողովի անդամ Գիորգի Փանգանին Վրաստանում էլեկտրաէներգիայի երկրորդ անջատման պատճառ է համարում թեստավորման գործընթացը, որի շրջանակներում պետք է պարզվեր հուլիսի 24-ին և 25-ին տեղի ունեցած վթարային անջատման պատճառը։

Օգոստոսի 5-ի երեկոյան Facebook-ում հրապարակված գրառմամբ Գիորգի Փանգանին հայտնել էր.

«Թեստավորման ընթացքում տեղի է ունեցել Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ամբողջական անջատում։ Այս փուլում ընթանում է տեղի ունեցածի մանրամասն վերլուծություն և համապատասխան գնահատում՝ վթարի հստակ պատճառները պարզելու և հետագայում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար»։

Հատկանշական է, որ այժմ Փանգանիի այս հրապարակումն այլևս տեսանելի չէ։

Այնուամենայնիվ, ավելի ուշ «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» ընկերությունը հայտարարեց.

«Հուլիսի 24-25-ին երկրում տեղի ունեցած համակարգային վթարներից հետո Էնգուրհեսում իրականացվում էին որոշակի աշխատանքներ։ Մասնավորապես, կայանի համապատասխան սարքավորումներն ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ էր էլեկտրահամակարգի աշխատանք մեկուսացված ռեժիմով՝ անվանականից տարբերվող հաճախականությունների վրա, ինչն էլ պատճառ դարձավ երկրի մասշտաբով էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատման»։

Պետական ընկերության փոխանցմամբ՝ «էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու նպատակով անմիջապես իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ, ինչի արդյունքում այս փուլում էլեկտրաէներգիայի մատակարարումը մասամբ արդեն վերականգնված է, և մոտ ապագայում էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի ամբողջ երկրի տարածքում»։

Օգոստոսի 5-ի երեկոյան, մոտավորապես ժամը 20:10-ին Վրաստանում էլեկտրաէներգիան վթարային կարգով անջատվել էր։

Հոսանքազրկվել էր նաև Աբխազիան։

«Պետական էլեկտրահամակարգ»-ի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ գրեթե բոլոր հիմնական հաղորդման գծերի մատակարարումը «զրոյացվել» էր։

Հուլիսի 24-ին առաջին անգամն էր, երբ ժամը 00:10-ին Վրաստանում տեղի ունեցավ զանգվածային հոսանքազրկում։ Շատ արագ պարզ դարձավ, որ էլեկտրաէներգիան անջատվել է ոչ միայն մայրաքաղաքի առանձին թաղամասերում, այլև ամբողջ Թբիլիսիում և ողջ երկրի տարածքում։ Սոցիալական ցանցերում մեկը մյուսի հետևից հայտնվում էին այն քաղաքների ու գյուղերի անունները, որտեղ լույսն անջատվել էր՝ Գորի, Խաշուրի, Ռուսթավի, Թելավի, Բաթումի, Քութաիսի, Փոթի…

Հոսանքազրկման պատճառով Թբիլիսիի մետրոյի գնացքը կանգ էր առել թունելում։ Երեք ժամ ուշացումով է մեկնել Թբիլիսի-Բաթումի գիշերային գնացքը։

Պաշտոնական պարզաբանումը Facebook-ում հրապարակվել է հոսանքազրկումից մեկուկես ժամ անց՝ ժամը 01:28-ին։ Հայտարարության հեղինակը «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ»-ն էր, սակայն տեքստում վթարի պատճառների մասին ոչինչ նշված չէր։

«Երկրի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարումը վթարային կարգով անջատվել է։ Ընթանում են վերականգնողական աշխատանքներ։ Այս պահին էլեկտրաէներգիայի մատակարարումը մասամբ վերականգնվել է Մցխեթա-Մթիանեթիի շրջանում և Թբիլիսիի մեծ մասում», — ասված էր հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ»-ն է պատասխանատու երկրի անխափան էլեկտրամատակարարման համար։ Դրա գլխավոր տնօրենն է Վանո Զարդիաշվիլին՝ «Վրացական երազանք»-ի նախկին պատգամավորը։

Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումից հետո խափանվել էր նաև բջջային օպերատորների և որոշ ինտերնետ-մատակարարների  աշխատանքը։ «Մագթի» և «Սիլքնեթ» ընկերությունների բաժանորդները պատմում էին, որ հնարավոր չէր ուղարկել հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր կամ զանգահարել։

Կապի բացակայությունը քաղաքացիների համար դժվարացրել էր էլեկտրամատակարար ընկերությունների հետ կապի հաստատումը։ «Էլեկտրաէներգիայի հետ մեկտեղ անջատվեցին նաև ինտերնետն ու հեռախոսակապը, ես լրիվ խուճապի մեջ էի, մինչև գիշերվա ժամը 2-ը չէի կարողանում ոչ մի տեղ զանգել, որ գոնե իմանայի՝ ինչ է կատարվում», — Facebook-ում գրել է քաղաքացի Էլզա Էլբաքիձեն։

Վրացի տնտեսագետ Պետրե Ցիսկարիշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պետք չէ շատ գուշակություններ անել։ Կրիպտոարժույթներն ու «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները մինչ այս էլ կային։  Վրաստանում արտադրված էլեկտրաէներգիայի մեծ մասը վերաուղղվել է Թուրքիա էքսպորտի համար. այնտեղ հիմա սպառման պիկ սեզոնն է (շոգ է, հովացում է պետք), իսկ այստեղի վրա թքած ունեն՝ լարումն ընկնում է, համակարգն անջատվում։ Ամբողջը սա է։

Հ.Գ. Իսկ ո՞ւմ բիզնեսն է վրացական էլեկտրաէներգիայի արտահանումը Թուրքիա։ Այ, եկեք դա հետաքննենք»։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և 112 «թեժ գիծը» աշխատել են առանց խափանումների։ «Մենք ունենք գեներատորներ և պահուստային համակարգեր, հնարավոր չէ, որ այս համակարգը դադարեցնի աշխատանքը», — հայտնել են նախարարությունից։

«Էներգո-Պրո Ջորջիա» ընկերությունը, որը սպասարկում է մարզերի ավելի քան 1 մլն 200 հազար բաժանորդի և տիրապետում է մի քանի խոշոր ՀԷԿ-երի, հայտարարել է, որ անջատումն իրենց պատճառով չի եղել, և խնդիրն առաջացել է «Պետական էլեկտրահամակարգ»-ից էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման հետևանքով։ Նույն հայտարարությամբ է հանդես եկել նաև «Թելասի» ընկերությունը։

Էլեկտրաէներգիայի և ինտերնետի անջատումից հետո Թբիլիսիի, Ռուսթավիի և Մցխեթայի բնակչության մի մասի՝ «Ջորջիան ուոթեր էնդ փաուեր» (GWP) ընկերության շուրջ 300 հազար բաժանորդի ջրամատակարարումը դադարեցվել էր։ GWP-ի հայտարարության համաձայն՝ պատճառը պոմպակայանների ավտոմատ կանգն էր։ «Էլեկտրամատակարարումը դադարեցվել էր 250 տեղական ուժեղացուցիչ և 65 կենտրոնական հզոր պոմպակայաններում», — հայտնել են ընկերությունից։

Երկու «բլեքաութների» (զանգվածային հոսանքազրկումների) պատճառների պարզման ուղղությամբ աշխատում են Էներգետիկան կարգավորող ազգային հանձնաժողովը (GNERC/SEMEK) և Պետական անվտանգության ծառայությունը (SUS):