«Էս կյանքի մերն էլ…». 15-ամյա տղայի վերջին գրությունն ինքնասպանությունից առաջ

15-ամյա Լուկա Սիրաձեն, ով մի քանի օր առաջ Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել, այսօր հիվանդանոցում մահացել է:

Իաշվիլիի անվան հիվանդանոցում օրեր շարունակ պայքարում էին տղայի կյանքի համար, սակայն ապարդյուն: Նրան այսօր վիրահատել էին Իսրայելից հրավիրված բժիշկներ, սակայն տղայի վիճակը չէր փոխվել:

Ըստ հետաքննության՝ անչափահասը դեկտեմբերի 11-ին ցատկել էր բնակելի շենքի իններորդ հարկից:

Տասներորդ դասարանի աշակերտն ինքնասպանության փորձ էր կատարել, երբ նրան որպես վկա հարցաքննել են «Դիդուբե-Չուղուրեթի» ոստիկանության առաջին բաժնում՝ «Կանաչ դպրոցի» գործով՝ պատերին արված գրությունների համար:

Տղայի ընտանիքի անդամները պնդում են, որ իրավապահները տղայից խոստովանական ցուցմունք ստանալու համար հոգեբանական ճնշման են ենթարկել: Նրանք չեն բացառում, որ դեռահասը չի կարողացել դիմանալ հոգեբանական բռնություններին և սպառնալիքներին, այդ իսկ պատճառով էլ փորձել է ինքնասպան լինել:

Լուկա Սիրաձեի եղբայրը՝ Բեքա Սիրաձեն, ով հարցաքննության օրերին Թբիլիսիում չի գտնվել, մեղադրում է գործը վարող քննիչներին:

«Նա (Լուկան) դեկտեմբերի 10-ին և 11-ին հարցաքննության ժամանակ երկու անգամ 15-20 րոպեով քննիչների հետ մենակ է մնացել, երբ մայրս դուրս է եկել: Հենց այդ ժամանակ էլ նրան ճնշել են», — ասում է Բեքա Սիրաձեն:

Եղբոր խոսքերով նույնիսկ ֆիզիկական բռնություն են գործադրել տղայի վրա, թեև մայրը երբ հարցրել է, նա ժխտել է.

«Նա դպրոց գնալ էլ չէր ուզում: Դեպքից հետո, երբ առաջին անգամ գնացել է, ուսուցիչը խոսել է հետը, ինչից հետո առհասարակ հրաժարվել է դպրոց գնալ: Մայրս, զգալով, որ վիճակը լրջանում է, օգնություն էր խնդրել քննիչ Մարիանա Չուլոիանից՝ նշելով դպրոցում առկա խնդիրների մասին, մինչդեռ քննիչը հրաժարվել էր աջակցել՝ ասելով, թե իր գործը չէ»:

Տղայի հետ տեղի ունեցած դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել, այս պահին մի խումբ քաղաքացիներ հավաքվել են հիվանդանոցի մոտ, ծաղիկներ խոնարհել ու պատրաստվում են բողոքի ակցիայի: