Գ․ Ուգուլավա․ Ոստիկաններն են մեր փոխարեն արգելափակել խորհրդարանի մուտքը

«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան, ով ևս  Ռուսթավելի պողոտայում է, ասում է, որ իրենց համար էական նշանակություն չունի՝ ցուցարարների, թե ոստիկանների կողմից փակ կլինեն խորհրդարանի մուտքերը, կարևորը՝ փակ լինեն։

Ուգուլավան լրագրողների հետ զրույցում ասել է․ «Մեր նպատակը հստակ է՝ փակել խորհրդարանի մուտքերը, էական նշանակություն չունի՝ ով կփակի։ Եթե դա մեր փոխարեն ոստիկաններն են անում, մեզ ավելի ձեռնտու է։ Կարևորը՝ նիստը տապալվի»։

Հիշեցնենք, որ այս պահին ոստիկանները կենդանի պատ են կազմել խորհրդարանի դարպասների մոտ ու թույլ չեն տալիս ցուցարարներին՝ մոտենալ մուտքերին (նախորդ ցույցի ժամանակ ոստիկանները կենտրոնացած էին դարպասներից ներս՝ այսինքն խորհրդարանի տարածքում)։

Ցուցարարները մտադիր են գիշերն անցկացնել Ռուսթավելի պողոտայում և տապալել օրենսդիրի՝ վաղվա նիստը։ Նրանք նաև հայտարարել են, որ իրենց ակցիան, ինչպես և նախկինում, խաղաղ բնույթ ունի, և ոստիկանների հետ բախումներ չեն ուզում։

Փողոցում արդեն վրաններ են տեղադրված։ Չի բացառվում, որ ցուցարարներն այսօր առանց տաքանալու ստիպված լինեն գիշերել, քանի որ այս անգամ ոստիկանությունը տակառներում կրակ վառելու թույլտվություն չի տալիս։ Այսօր գիշերը Թբիլիսիում մինչև -3 աստիճան ցուրտ է սպասվում։ Ցուցարարներն ասում են, որ իրավապահներն արդեն 3 մեքենա են տուգանել և տուգանային հրապարակ տեղափոխել, որոնցում փայտ է եղել և ցույցի համար նախատեսված պարագաներ։ Ոստիկանությունը սա բացատրել է նրանով, որ գլխավոր պողոտա արգելվում է բերել այրվող և բռնկվող նյութեր։