Գեդևան Փոփխաձեն ևս լքեց «Վրացական երազանքը»

«Վրացական երազանք»-ի ևս մեկ պատգամավոր՝ Գեդևան Փոփխաձեն լքեց կուսակցությունը: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Փոփխաձեն խոսել է իշխող կուսակցությունից հեռանալու պատճառների մասին:

Առաջին պատճառը պատգամավորի խոսքերով, գաղափարական տարբերությունն է, իսկ երկրորդը՝ տարբերվող տեսլականի ազատ արտահայտման սահմանափակումը:

«Մեր և ժողովրդի միջև շատ մեծ ճեղք է հայտնվել: Վերջին ընտրություններում հայտնի դարձավ, որ մենք ժողովրդի դուրը չենք գալիս: Մենք նրանց խոսք տվեցինք երկրորդ փուլում ուղղվել, սակայն չկատարեցինք խոստումները: Կրկին Չինչալաձե, կրկին Մուրուսիձե, կրկին նույն դատավորները առաջարկեցին ժողովրդին և սկսեցինք մտածել, ինչպես լռեցնենք «Վրացական երազանք»-ի այն պատգամավորներին, ովքեր տարբերվող կարծիք ունեին: Ես չեմ ուզում այս ստի մաս կազմել»,- հայտարարել է Փոփխաձեն:

Հարցին, թե արդյոք կմիանա ընդդիմությանը, «Վրացական երազանք»-ի արդեն նախկին պատգամավորը պատասխանել է, որ դեռ պետք է մտածի այդ հարցի շուրջ: