Ղարիբաշվիլին մեղադրում է ընդդիմությանը

Այսօր՝ մարտի 28-ին կայացած կառավարության նիստի ժամանակ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ վառելիքի թանկացման դեմ Թբիլիսիում անցկացված ցույցը կազմակերպել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։

«Ուզում եմ անդրադառնալ վառելիքի գների հետ կապված հարցին։ Երեկ մենք տեսանք, որ որոշ հանրահավաքներ կազմակերպվեցին, որոնց հետևում, կոպիտ ասած, կանգնած էր «Միացյալ ազգային շարժումը»։

Ես հասկանում եմ, որ քաղաքացիներն անհանգստացած են գների բարձրացման պատճառով, և մենք բոլորս շահագրգռված ենք թուլացնել ճնշումը, որն առաջանում է առկա ճգնաժամից»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Ըստ վարչապետի՝ թանկացումը համաշխարհային միտում է և, հետևաբար, կազդի նաև Վրաստանի վրա.

«Համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամի ֆոնին շատ երկրներում գնաճը ոչ միայն գերազանցել է կանխատեսումը, այլև տասնամյակների ընթացքում հասել է ռեկորդային մակարդակի։ ԱՄՆ-ում, օրինակ, 40 տարվա ռեկորդային բարձր ցուցանիշ է գրանցվել։ Գերմանիայում գնաճը 29 տարվա ամենաբարձր մակարդակի վրա է, նույնը վերաբերում է եվրոգոտուն։ Թուրքիայում գնաճն ամենաբարձրն է վերջին 19 տարվա ընթացքում։

Մենք փոքր երկիր ենք՝ փոքր տնտեսությամբ և կապված ենք համաշխարհային շուկայի հետ»։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ վառելիքի գների բարձր ցուցանիշի համաձայն՝ Վրաստանն աշխարհի 170 երկրների մեջ 71-րդն է։ Միևնույն ժամանակ, ըստ Ղարիբաշվիլիի՝ Վրաստանում գազի գինը ամենաէժանն է Եվրոպայում՝ Ադրբեջանից հետո։

Նշենք, որ երեկ Վրաստանի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում Թբիլիսիում և Քութայիսիում բողոքի ցույցեր են անցկացվել վառելիքի գների բարձրացման դեմ։

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ բերման է ենթարկվել 20 քաղաքացի։ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ցուցարարները մայրաքաղաքում միջամտել են ճանապարհային երթևեկությանը և խնդիրներ առաջացրել երթևեկող ավտոմեքենաների համար՝ փակելով կենտրոնական ճանապարհներ։