Գրանցվել է ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման վերաբերյալ խորհրդարանի բանաձևի նախագիծը 

Վրաստանի խորհրդարանի բյուրոյի այսօրվա՝ մարտի 7-ի նիստում գրանցվել է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման վերաբերյալ խորհրդարանի բանաձևի նախագիծը։

13 կետից բաղկացած բանաձևի նախագիծը մարտի 1-ի ուշ երեկոյան հրապարակել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովը։  

Փաստաթղթում Վրաստանի կառավարությանը կոչ է արվում արագացնել ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը։ 

Այսօր ավելի ուշ էլ պարզ դարձավ, որ ԵՄ դեսպանները համաձայնել են՝ Եվրահանձնաժողովը պետք է կարծիք ներկայացնի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի՝ ԵՄ-ին միանալու դիմումի վերաբերյալ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Եվրոպական խորհրդում Ֆրանսիայի ներկայացուցչությունը։

Նշենք, որ դեռևս մարտի 1-ին «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները հայտարարեցին, որ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացնի մինչև 2024 թվականը, սակայն արդեն մարտի 3-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրեց անդամակցության դիմումը։ 

Հատկանշական է, որ մարտի 3-ին անդամակցության հայտ էր ներկայացրել նաև Մոլդովան։