Գրեթե բոլորն աջակցում են Վրաստանի եվրաինտեգրմանը. ԱԳ նախարար

Լյուքսեմբուրգում կայացած Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (FAC) նիստից հետո Վրաստանի արտաքին գործերի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին լրագրողներին ասել է, որ գործընկերներից ստացած հիմնական ազդակն այն էր, որ գրեթե բոլորն աջակցում են Վրաստանի եվրաինտեգրմանը:

Դարչիաշվիլին ընդգծել է՝ Վրաստանը կգործադրի բոլոր ջանքերը երկիրը Եվրամիությանն էլ ավելի մոտեցնելու համար: ԱԳ նախարարի խոսքով, իրենք օտարերկրյա գործընկերների հետ քննարկել են Վրաստանում իրականացվող բարեփոխումներին առնչվող բոլոր կարևոր հարցերը։

Ըստ Դարչիաշվիլիի՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հարցեր են ունեցել 12 կետերի վերաբերյալ, որոնց տրվել են հնարավորինս սպառիչ պատասխաններ։ ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև անվտանգության ոլորտին և ասել, որ այսօր անվտանգության հարցն «անհանգստացնում է բոլորին»։

«Անվտանգության խնդիրն այսօր անհանգստացնում է բոլորին, այդ թվում՝ մեր տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Նրանց հետաքրքրում էին այն հարցերը, որոնց համամիտ էի, դրանք տարածաշրջանում բոլորիս հուզող անվտանգության աճող ռիսկերն են, և ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները մեծ ուշադրությամբ լսում էին։ Մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես համատեղ ջանքերով ապագայում ամրապնդենք ինչպես մեր տարածաշրջանային անվտանգությունը, այնպես էլ Եվրոպայի անվտանգությունը, որտեղ Վրաստանն ունի իր նշանակալի ներդրումը»,- ասել է ԱԳ նախարարը։

Ըստ Դարչիաշվիլիի, իր մասնակցությունն այսօրվա հանդիպմանը ծառայել է գործընկերների հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը։ Դարչիաշվիլին մեկնաբանել է նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Բրյուսել և նշել, որ Վրաստանի հիմնական քաղաքական առաջնահերթություններից երկուսը եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումն են, և այդ հարցերը կլինեն հետագա հանդիպումների հիմնական առանցքը։