«Գրքերի աշխարհում». ինտելեկտուալ մրցույթ Դամիայի դպրոցում

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Դամիա գյուղի հանրակրթական դպրոցում այսօր՝ փետրվարի 19-ին, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն ամփոփել են դպրոցի հեղինակած «Գրքերի աշխարհում» ինտելեկտուալ մրցույթ-նախագիծը: «Ալիք Մեդիա»-ն զրուցել է մրցույթի կազմակերպիչների և տնօրինության հետ:

Մրցույթ-նախագծի կազմակերպիչների խոսքով, մրցույթ-նախագծի գլխավոր նպատակը՝ աշակերտների մեջ ընթերցանության նկատմամբ սերը խորացնելն ու մոտիվացիայի բարձրացումն էր: Մրցույթը հեղինակել են դպրոցի «Կենսաբանություն» առարկայի «Համակարգչային տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցիչները:

Ամփոփելով մրցույթ-նախագիծը, Դամիայի հանրակրթական դպրոցի տնօրեն Սիլվա Ամիրյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ մրցույթը հաջողված էր, և նպատակին հասնելու ճանապարհին է:

«Նախագիծը նպատակին հասնելու ճանապարհին է. այն առիթ հանդիսացավ, որ այն աշակերտները, ովքեր գիրք չէին կարդում, հիմա սկսեցին կարդալ, ինչը արդեն ողջունելի է»,- ասում է տնօրենն ու անկեղծորեն նշում՝ թերություններ կային, բայց դրանք հիմնականում տեխնիկական էին, ինչը, իհարկե, ժամանակի ընթացքում կհարթվի:

Մրցույթ-նախագծի կազմակերպիչներից, Դամիայի հանրակրթական դպրոցի «Կենսաբանություն» առարկայից ավագ ուսուցչուհի Լուսինե Դարբինյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում անկեղծանում է՝ մրցույթ-նախագիծը կամուրջ հանդիսացավ մասնակից աշակերտների և գրականության միջև. երեխաների ու գրականության միջև ստեղծվեց կապ, որը, ըստ ուսուցչուհու՝ արդեն տվել է իր պտուղները:

«Դասերը ընթացքում, դասամիջոցներին հաճախ նկատվում է, որ աշակերտները միմյանց հետ քննարկում են կարդացած գրքերը. կա գրքի գաղափարի քննարկում, մտքի, էության հասկանալու ցանկություն: Վերջնական արդյունքը ցույց տվեց, որ երեք փուլերի ընթացքում աշակերտների մոտ բավականին դրական փոփոխություններ կան»,- նշում է Դարբինյանն ու հավելում՝ թերություններից էր այն, որ աշակերտները կենտրոնանում էին ավելի շատ նյութական արդյունքի (նվերի) վրա, ինչը, ըստ նրա՝ մրցույթի ընթացքում ևս կարևոր է, բայց չպետք է դառնա գլխավոր նախապայմանը:

Մրցույթ-նախագծի ընթացքում ի հայտ եկած թերությունները հիմնականում տեխնիկական են եղել, որոնց, փորձել են արագ արձագանքել և լուծում տալ. ըստ կազմակերպիչների՝ այդ թերություններն այդքան էլ մեծ ազդեցություն չեն ունեցել մրցույթի ընթացքի և արդյունքի վրա:

Կազմակերպիչները հավելում են՝ մրցանակաբաշխության օրը պատահական չէր ընտրված. ի սկզբանե որոշված էր՝ ավարտել փետրվարին և հենց թումանյանական օրը անցկացնել նաև այդ կարևոր իրադարձությունը:

Մրցույթը սկիզբ է առել 2023 թվականի նոյեմբերին և ավարտվել 2024 թվականի փետրվարի 9-ին: Ընդհանուր առմամբ՝ մրցույթը բաղկացած էր երեք փուլից, որին մասնակցել են 3-րդից 12-րդ դասարանների աշակերտները. նրանք բաժանվել են տարբեր տարիքային խմբերի, եղել է 4 հիմնական խումբ՝ (3-4-րդ դասարաններ, 5-6-րդ դասարաններ, 7-8-րդ դասարաններ, 9-12-րդ դասարաններ): Յուրաքանչյուր փուլում գրականության ցանկը փոխվել է, օգտագործվել է ինչպես հայկական, այնպես էլ՝ արտասահմանյան գրականություն: Առաջին և երկրորդ փուլերն ունեցել են անցողիկ շեմ, երրորդ՝ եզրափակիչ փուլում հաղթել են նրանք, ովքեր ամենաբարձր միավորն են հավաքել: Ամեն տարիքային խմբից հաղթող է ճանաչվել մեկական մասնակից, ինչպես նաև՝ 2-րդ և 3-րդ հորիզոնականը զբաղեցնողներ:

Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները ստացել են անլար ականջակալներ և պատվոգրեր, երրորդ և չորրորդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները՝ խորհրդրանշական նվերներ և պատվոգրեր, եզրափակչում հայտնված մյուս մասնակիցները՝ շնորհակալագրեր:

Նշենք, որ այսօր Դամիայի հանրակրթական դպրոցում նշել են Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը. միջոցառման կազմակերպիչը դպրոցի «Հայոց լեզու և գրականություն ու «Մաթեմատիկա» առարկաներից ավագ ուսուցչուհի Աննա Դարբինյանը: