«Գրքում նկարագրված շրջանի Թբիլիսիի իրադրությանը լավ ծանոթ էի». Մկրտիչ Գրաբսկի

Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում այսօր կայացավ վրաց գրող Գիվի Սիխարուլիձեի «Յամուր» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Գիրքը թարգմանել է Մկրտիչ Գրաբսկին։

«Գրքում նկարագրված շրջանը համընկնում է այն տարիների հետ, երբ լավ ծանոթ էի Թբիլիսիի իրադրությանը, մարդկային փոխհարաբերություններին և մանր-մունր այն երևութներին, որոնք ահռելի ներդրում են ունենում և ձևավորում հասարակության հիմքը»,- Ալիքի հետ զրույցում ժպիտով ասում է Գրաբսկին:

Բժիշկ, բանաստեղծ Մկրտիչ Գրաբսկին պատմելով գրականության հանդեպ իր սիրո մասին, նշում է, որ տարիների ընթացքում իր հեղինակային գրքերից զատ արել է նաև թարգմանություններ՝ Մայակովսկի, Բրոդսկի, սակայն առանձին գրքի տեսքով առաջինը վրաց գրող Գիվի Սիխաուլիձեի գիրքն էր: Ասում է, հաշվի առնելով գրքում տեղ գտած իրադարձությունները, «անհրաժեշտ է համարել գիրքը թարգմանելը»:

Այստեղ վառ կերպով պատկերված են հասարակության տարբեր շերտերի փոխհարաբերությունները, Գրաբսկին ուշադրություն է դարձնում նաև 20-րդ դարի բարեկամական ջերմ հարաբերություններին, որոնք ամենից վառ կերպով արտացոլված են թբիլիսյան կոլորիտով լի բակերում: Այստեղ չեն հարցնում՝ ազգությամբ հայ ես թե՞ վրացի:

«Յամուրը» փոքր տպաքանակով է տպվել այս անգամ, գրեթե  բոլոր օրինակները նվիրաբերվեցին շնորհանդեսի ժամանակ, Գրաբսկին հույս է հայտնում, որ հաջորդ անգամ գիրքը կտպագրվի ավելի մեծ տպաքանակով:

Այս գրքերից մեկն էլ պատվավոր կերպով բաժին հասավ գրքի շնորհանդեսին ներկա գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որն, ի դեպ, իր խոսքում նշեց, թե արդեն հասցրել է կարդալ գրքից հատվածներ, հումորով մեջբերեց նաև մի փոքր հատված:

 

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Հովհաննես Թումանյանի տանը

Posted by Aliq Media on Friday, May 31, 2019