ՀՀ ԿԳ նախարարն այցելեց Թբիլիսիի հայկական թատրոնի շինհրապարակ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շինարարական աշխատանքներին: Նախարարին և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին թատրոնի տարածքում դիմավորեցին թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը և «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը:

Արայիկ Հարությունյանն ուսումնասիրեց թատրոնի մակետը, դահլիճների ապագա տեսքը, հետաքրքրվեց թատրոնի հետագա դերով: Հարությունյանն իր խոսքում կարևորեց թատրոնի առկայությունը հայկական մշակութային ժառանգության պահպանման, զարգացման համար: Արմեն Բայանդուրյանը նախարարի հետ զրույցում ներկայացրեց թատրոնի ներկայիս վիճակը, նորություններ հյուրախաղերի, ներկայացումների, ինչպես նաև թատերական ստուդիայի մասին: Արմեն Բայանդուրյանը խոսեց նաև երկլեզու և հայ-վրացական համագործակցության շրջանակներում ստեղծված ներկայացումների կարևորության մասին:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ամփոփեց վրացի գործընկերոջ՝ Միխեիլ Բատիաշվիլիի հետ րոպեներ առաջ կայացած պաշտոնական հանդիպումը: Նրա խոսքով, կողմերը համաձայնության են եկել պատշաճ ժամանակին հայոց լեզվի և գրականության դասագրքերը տեղ հասցնելու վերաբերյալ:

«Պայմանավորվել ենք, որ մինչև սեպտեմբեր դասագրքերը տեղում կլինեն, այսինքն՝ դասագրքերի հետ կապված խնդիրներ չեն լինի: Երկրորդ հարցն ուսուցիչների վերապատրաստումն էր՝ պայմանավորվել ենք խումբ ստեղծել, որը կուսումնասիրի մեթոդաբանությունը, բացի այդ, կներգրավենք նաև համապատասխան մասնագետների»- Ալիքի հետ զրույցում հայտնեց Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարը եղել էր նաև Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցում։

ՀՀ ԿԳ նախարարը այցելում է հայկական թատրոնի շինհրապարակ

Posted by Aliq Media on Friday, May 31, 2019