Հայկական ապրանքների դեմ շարունակվող արգելքը ՌԴ-ում․ վերլուծություն Վրաստանից

Վրաստանի հարևան երկու երկրների միջև առկա քաղաքական լարվածության և հայկական արտադրանքի մի շարք կատեգորիաների արգելքի ֆոնին՝ Ռուսաստանն արգելել է նաև կաթնամթերքի ներկրումը Հայաստանից։

Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության գործակալությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», ուրբաթ՝ հուլիսի 24-ին, հայտարարեց, որ որոշումը հիմնված է այս ամսում իր ներկայացուցիչների անցկացրած հայկական կաթնամթերքի մեկշաբաթյա տեսչական ստուգումների վրա։

Ռուսական կողմի պնդմամբ՝ ստուգման ընթացքում բացահայտվել է «վարակված անասուններից ստացված կաթի» և «երրորդ երկրներից ներկրված հումքի» օգտագործում, ինչը «խախտում է Ռուսաստանի ղեկավարությամբ գործող «Եվրասիական տնտեսական միության» «ազատ առևտրի կանոնները»»։

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչությունը հենց հուլիսի 24-ին հերքել է նման խախտումների առկայությունը։

Տեսչության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հայտնել է, որ պարբերաբար ստուգվում է տեղական կաթնամթերքի բոլոր արտադրությունները և անհապաղ միջոցներ է ձեռնարկում այն ընկերությունների նկատմամբ, որոնք խախտում են սննդամթերքի անվտանգության չափանիշները։

Սանիտարական նորմերի պահպանման պատրվակով՝ Ռուսաստանի իշխանությունները մայիսի վերջին և հունիսի սկզբին արդեն իսկ արգելափակել էին Հայաստանից բազմամիլիոնանոց ներկրման մի շարք խմբաքանակներ, որոնք ներառում էին միրգ, բանջարեղեն, հանքային ջրեր, ծաղիկներ, ձուկ և որոշ ալկոհոլային ըմպելիքներ, այդ թվում՝ հայկական կոնյակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո բացառեց իր արտաքին քաղաքականության փոփոխությունը։

Փաշինյանի խոսքով՝ հուլիսի 6-ին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը հասել են որոշակի, թեև չհստակեցված «փոխըմբռնումների»։

Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է, առայժմ Մոսկվան չի չեղարկել և չի մեղմացրել սահմանված սահմանափակումներից և ոչ մեկը։

Հուլիսի 2-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ զգալի տնտեսական ճնշման ֆոնին Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ֆինանսական և առևտրային աջակցություն։

Եվրամիությունը մտադիր է մաքսատուրքից ազատել Հայաստանից ներկրվող արտադրանքի 80%-ը՝ միրգ, բանջարեղեն և ըմպելիքներ։ Առևտրի դիվերսիֆիկացմանը նպաստելու համար Հայաստանը ԵՄ-ից կստանա լրացուցիչ 80 միլիոն եվրոյի աջակցություն։

Այս թեման ինչպես Անդրկովկասյան այլ երկրներում, այնպես էլ Վրաստանում ակտիվ քննարկման թեմա է։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում այս հարցին անդրադարձավ նաև «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի նախկին հանրային պաշտպան (օմբուդսմեն) Ուչա Նանուաշվիլին.

«Այս տնտեսական ճնշումը ռուսական քաղաքականության մասն է։ Նմանատիպ սահմանափակումներ կիրառվել են նաև Վրաստանի նկատմամբ, և նման ռիսկերից ոչ ոք ապահովագրված չէ։

Հայաստանը պետք է պատասխանի ճիշտ քաղաքականությամբ՝ այլընտրանքային շուկաներ գտնելով և Եվրոպային մոտենալով»,- ասաց նախկին հանրային պաշտպանը։

Հատկանշական է, որ ըստ վերջին տվյալների՝ Հայաստանը ծրագրում է ձկան արտահանում սկսել դեպի Վրաստան։

Caspianpost.com լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Վրաստանի հետ ձկնամթերքի մատակարարում սկսելու շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են։

Կայքի փոխանցմամբ՝ դեսպանատունն ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Վրաստանի հետ՝ առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու նպատակով։

Հայկական կողմի այս մտադրությունը պայմանավորված է «Ռոսսելխոզնադզորի» (Rosselkhoznadzor) որոշմամբ, ըստ որի` հայկական արտադրանքը, նաև ձկան ներմուծումն արգելվել է։

Այսպիսով, Ռուսաստանը Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծումը հետևողականորեն արգելում է մայիսի վերջից։ Վերջին երկու ամսվա ընթացքում սահմանափակվել է ծաղիկների, թարմ լոլիկի, վարունգի, սմբուկի, կարտոֆիլի, կանաչեղենի, ելակի, կեռասի, խաղողի, տանձի, սերկևիլի, չրերի, կենդանի ձկան և ալկոհոլի ներմուծումը։ Նաև արգելվել է Ռուսաստանի տարանցմամբ այս ապրանքների փոխադրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ։

Ավելի ուշ Ռուսաստանի կառավարությանը ենթակա ապրանքների մակնշման «Չեստնի ԶՆԱԿ» (Честный ЗНАК) համակարգն արգելել է հայկական արտադրության ըմպելիքների ևս մեկ խոշոր խմբաքանակի վաճառքը երկրում։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության` նշված համակարգի պաշտոնական ներկայացուցիչների փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելվել է «Բջնի» հանքային ջրի 70 հազար շշից բաղկացած խմբաքանակի, նաև Հայաստանում արտադրված ևս երկու ոչ ալկոհոլային ըմպելիքների խմբաքանակների վաճառքը։

Բջնի գյուղը, որտեղ արդյունահանվում և արտադրվում է այս հանքային ջուրը, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում։

Արգելքի հիմքը, «Չեստնի ԶՆԱԿ»-ի պնդմամբ, «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին և առողջությանը հասցվող պոտենցիալ վնասն է»։

Այս համակարգի ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ հայ արտադրողները «խախտել են Ռուսաստան ներմուծվող ապրանքների համար սահմանված պայմանները»։

2026 թվականի ապրիլին «Չեստնի ԶՆԱԿ»-ը Ռուսաստանում արգելափակել էր «Ջերմուկ» հանքային ջրի 338 հազար շշի վաճառքը։

Վերլուծաբանները հիշեցնում են, որ Ռուսաստանը տարիներ շարունակ նույն մարտավարությունը («որակի և առողջապահական նորմերի խախտման» պատրվակը) կիրառել է վրացական գինու, հանքային ջրի և գյուղմթերքի դեմ, երբ Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերությունները վատթարացան: Հետևաբար, Վրաստանում սա դիտարկվում է որպես Հայաստանի նկատմամբ կիրառվող հերթական քաղաքական-տնտեսական ճնշում:

Վրացի վերլուծաբանները նշում են, որ Մոսկվայի այս քայլերն ուղղակի պատասխան են Հայաստանի՝ դեպի Եվրոպական Միություն և Արևմուտք մերձեցման քաղաքականությանը։
Այս թեմային «Ալիք Մեդիա Վրաստան»-ն անդրադարձել էր նաև ավելի վաղ. կարդացեք ստորև։

Արձագանք Վրաստանից. փորձագետները՝ Հայաստանի դեմ ռուսական արգելքների մասին