Հարիսայի ավանդական փառատոնը՝ Թբիլիսիում

Այսօր՝ փետրվարի 12-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հարիսայի փառատոնը։

Ավանդույթ դարձած փառատոնը կազմակերպվել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ և «Հայարտուն» կենտրոնի մասնակցությամբ։

Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո, ներկաները  «Հայարտուն» կենտրոնի սրահում համտեսեցին տարբեր խոհարարների պատրաստած հարիսան։ Իրենց հարիսաներով փառատոնին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները։ Հարիսան ճաշակելուն հաջորդեց՝ երգն ու պարը։

Վիրահայ համայնքում ավանդույթ դարձած Բուն Բարեկենդանին նվիրված հարիսայի փառատոնը, Թբիլիսիում այս տարի տոնվեց Բուն Բարեկենդանից մեկ շաբաթ առաջ։ Վիրահայոց թեմի խոսնակ Սուսաննա Խաչատրյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում պարզաբանեց, որ պատճառն այն է, որ Բարեկենդանն այս տարի կնշվի փետրվարի 19-ին՝ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որի առթիվ Վիրահայ համայնքը միջոցառումներ է նախաձեռնել։
«Հարիսայի փառատոնը և՛ Վիրահայոց թեմի, և՛ ողջ հայության համար նշանակալից միջոցառում է։ Քանի որ հայկական խոհանոցը հանդիսանում է հայ մշակույթի անբաժան մասնիկը, մենք՝ պահպանելով մեր ազգային կերակրատեսակները, պահպանում ենք նաև մեր մշակույթն ու ավանդույթները։ Տասնամյակից ավել է ինչ մենք նշում ենք Հարիսայի փառատոնը, միայն կորոնավիրուսի համաճարակի ժամանակ սահմանափակումների պատճառով փոքր ընդմիջում եղավ, իսկ դրանից հետո ինչպես հարկն է պահպանում ենք ավանդական փառատոնը», — ասում է Սուսաննա Խաչատրյանը։
Խաչատրյանն ընդգծում է՝ Հարիսայի փառատոնը անց է կացվում Վրաստանի այլ հայաբնակ շրջաններում ևս, սակայն այժմ տոնը տարբեր անկյուններում տարբեր ժամանակահատավածում է նշվում․
Նշենք, որ հարիսան համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։ Ինչպես նշեցին Հարիսան պատրաստող տիկիններից մեկը, կերակուրը պատրաստվում է ցորենի ձավարով և հավի, ոչխարի կամ տավարի մսով։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ, երբեմն՝ նաև համեմունքներ։
Հավելենք նաև, որ հայ առաքելական եկեղեցին Բուն Բարեկենդանը նշում է Քրիստոնեական  Մեծ Պահքի առաջին կիրակի օրը։
Հարիսայի փառատոնից կադրեր ներկայացնող տեսանյութը դիտեք ստորև․