Թուրքիայում Վրաստանի դեսպանն ու աշխատակիցներն այցելել են աղետի գոտի

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հաղորդմամբ՝ Թուրքիայում աղետի գոտի է այցելել Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան՝ դեսպանատան աշխատակիցների հետ միասին։

Նախարարությունից հայտնել են, որ վրացի դիվանագետները հանդիպումներ են անցկացրել տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, այցելել են Վրաստանի քաղաքացիներին՝ պարզելու նպատակով նրանց կարիքները։ Դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են նաև Վրաստանից Թուրքիա ժամանած և մի քանի օր աղետի գոտում աշխատող փրկարարներին։

Թուրքիայում Վրաստանի դեսպանությունը երկրաշարժից տուժածների համար հայտարարությամբ է հանդես եկել.

«Տեղեկացնում ենք, որ Վրաստանի դեսպանը, հյուպատոսը, ոստիկանության կցորդը և աշխատակիցները գտնվում են Ադիյաման քաղաքում։ Աղետի գոտուց հեռանալ ցանկացող քաղաքացիները կարող են կապվել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ +90(533)6903040, +90(539)2208280»։

Նշենք, որ վերջին տվյալներով՝ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 28 հազար մարդ։ Նրանցից հինգը Վրաստանի քաղաքացիներ են։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,8 մագնիտուդ։ Փետրվարի 6-ին ևս՝ կեսօրից հետո, էպիկենտրոնում գրանցվել է 7,6 մագնիտուդով երկրաշարժ։