«Թելասի»-ն տուգանվել է հաճախակի անջատումների պատճառով

Վրաստանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների կարգավորման ազգային հանձնաժողովի հաղորդմամբ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման «Թելասի» ընկերությունը տուգանվել է 35 հազար լարիի չափով՝ պետական ​​բյուջեի օգտին:

««Թելասի»-ի արտոնագրի պայմանների կատարման ուսումնասիրության համար հիմք են ծառայել քաղաքացիների հայտարարությունները Թբիլիսիի Գ. Գագիլաձեի փողոցում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների վերաբերյալ: Էներգետիկայի կարգավորման հանձնաժողովի հատուկ խումբն ընկերության կիրառած անջատումները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ «Թելասի» ԲԲԸ-ն խախտել է արտոնագրի պայմանները:

Էներգետիկայի կարգավորման հանձնաժողովի որոշմամբ ընկերությանը հանձնարարվել է 1 ամսվա ընթացքում ապահովել «Մուխիանի» կայանի F-16 — 1031/1034 մալուխային էլեկտրահաղորդման գծի շահագործման և անվտանգության նորմերի պահպանումը:

Էներգետիկայի կարգավորման հանձնաժողովը կոչ է արել քաղաքացիներին էներգետիկայի և ջրամատակարարման ոլորտներում սպառողների իրավունքները գործող ընկերությունների կատարմամբ խախտման դեպքում դիմել Էներգետիկայի կարգավորման հանձնաժողովին կամ Էներգետիկայի կարգավորման հանձնաժողովի էներգետիկ օմբուդսմենի ծառայությանը: Խորհրդատվությունները հասանելի են զանգերի կենտրոնի՝ 16 216 հեռախոսահամարով (զանգն անվճար է ցանկացած օպերատորից)»։