Մանկապարտեզներին առնչվող գործով քրեական հետապնդում է հարուցվել

Վրաստանի դատախազության հաղորդմամբ՝ 9 անձի դեմ քրեական գործ է հարուցվել տարբեր համայնքներում 1550 երեխայի համար նախատեսված 16 մանկապարտեզի կառուցման համար հատկացված խոշոր գումարների հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման, կազմակերպված խմբի կատարած ապօրինի եկամուտների օրինականացման, պաշտոնեական անփութության, կեղծ փաստաթղթերի պատրաստման և օգտագործման համար։

«Վրաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի դեպարտամենտի անցկացրած հետաքննությունը պարզել է, որ 2023-2025 թվականներին, 9 մրցույթի շրջանակներում, «Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամ» ՍՊԸ-ի և «Մշենգրուպ» շինարարական ընկերության միջև պայմանագրեր են կնքվել Խելվաչաուրիի, Քեդայի, Նինոծմինդայի, Ծալենջիխայի, Խոբիի, Լագոդեխիի և Կասպիի մունիցիպալիտետներում ընդհանուր առմամբ 1550 երեխայի համար նախատեսված 16 մանկապարտեզի կառուցման/վերականգնման համար։

Վերը նշված աշխատանքները կատարելու համար «Մշենգրուպ» ՍՊԸ-ին փոխանցվել է ընդհանուր առմամբ 18 մլն 648 հազար 18 լարի, որից 4 մլն 762 հազար 587 լարին, նախապես մշակված պլանի համաձայն, յուրացրել են կազմակերպված խմբի անդամները՝ դրանով իսկ պետությանը պատճառելով մեծ չափի վնաս», — ասված է դատախազության հաղորդագրության մեջ։