Հայ և վրացի պաշտոնյաները հանդիպել են Գյումրիում

Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ շրջանների համագործակցության շրջանակում Գյումրիում կայացավ երրորդ աշխատանքային հանդիպումը, տեղեկացնում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Միջոցառմանը ներկա էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Գիորգոբիանին,  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, երկու երկրների քաղաքապետեր ու սահմանամերձ մունիցիպալիտետների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Հայաստանում Ավստրիայի դեսպանության Տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը։

«Ծրագրի նպատակն է խորացնել համագործակցությունը սահմանամերձ քաղաքապետարանների միջև և ապագայում համատեղ ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես, նպաստել համատեղ տնտեսական և սոցիալական նախագծերի զարգացմանը, ավելացնել գյուղատնտեսության և զբոսաշրջության ներուժը, լուծել բնապահպանության, զբաղվածության, հանրային առողջության և այլ ոլորտներում առաջացած խնդիրները», — նշված է տեղեկատվության մեջ։