Հայաստանի և Ռուսաստանի միջև մեքենաների երթևեկության համար հսկայական միջոցների տրամադրումն ադեկվատ չէ․ Գոցիրիձե

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն խոսել է Քվեշեթի-Կոբի ճանապարհի նախագծի մասին՝ հայտարարելով, որ այն ծախսատար է և ռազմական առումով շատ ռիսկային:

Նրա խոսքով այս նախագծի իրականացման համար կծախսվի 515 մլն դոլար և Վրաստանի նման աղքատ երկրի կողմից ահռելի քանակությամբ միջոցների ներդրումը միայն այն բանի համար, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև մեքենաները երթևեկեն, ոչ ադեկվատ է:

«Այս ծրագիրը շատ ծախսատար է և ռազմական առումով շատ ռիսկային: Քանի դեռ Ռուսաստանը թշնամական պետություն է, քանի դեռ դիվանագիտական հարաբերություններ չունենք և փաստացի պատերազմական իրավիճակում ենք գտնվում, քանի դեռ Ռուսաստանը չի դառնա ժողովրդավարական պետություն, ամեն ռիսկը պետք է հաշվի առնել, ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմական և քաղաքական»,- հայտարարել է Գոցիրիձեն:

Քվեշեթի-Կոբի ճանապարհի նախագծի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտի տեսանյութում: