ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հետ

Հոկտեմբերի 7-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
«Դեսպանը պատրիարքին ներկայացրել է Արցախա-ադրբեջանական պատերազմում ընթացող զարգացումները։
Դեսպան Սադոյանն անդրադարձ է կատարել Թուրքիայի ներգրավվածությանը ռազմական գործողություններին՝ շեշտելով դրա անթույլատրելությունը և ողջ տարածաշրջանի համար վտանգավորությունը։
Այդ համատեքստում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից ահաբեկիչ-զինյալների ներգրավմանն Արցախի դեմ ռազմական գործողություններում։ Նշվել է, որ ահաբեկիչների առկայությունը տարածաշրջանում մեծ վտանգ է պարունակում նաև Վրաստանի համար։
Համայն Վրաստանի պատրիարքը նշել է, որ իրենք մեծ ցավ են ապրում ստեղծված իրավիճակի համար և խաղաղություն է մաղթել», — նշված է հաղորդագրության մեջ: