Հինգ բազմահարկ շենք՝ Թբիլիսիի պատմական գոտում

Թբիլիսիի Հեյդար Ալիևի անվան ափին (Կրծանիսի թաղամաս, նախկին «Արագվի» ռեստորանի տարածքում) բազմահարկ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու նպատակով Թբիլիսիի քաղաքապետարան դիմում է ներկայացվել:

Նախագիծը պատկերող լուսանկարն ի սկզբանե ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է արվեստագետ Թամար Ամաշուկելին: «Մենք կառուցում ենք, ոչ թե քանդում: Նոր նախագիծ նախկին «Արագվի» ռեստորանի տարածքում: Քաղաքապետարանում որոշումը դեռ չի կայացվել, սակայն, ինչպես երևում է՝ նախքան ընտրությունները պետք է հասցնեն Թբիլիսիի պատմական գոտու փակումը»,- լուսանկարին կից գրել է Ամաշուկելին:

48 հազար 497 քմ տարածքի սեփականատերը «Սիթի Սենթր» ընկերությունն է։ Նախագծի հեղինակը ճարտարապետ Գիորգի Խմալաձեն է, գրել է radiotavisupleba.ge լրատվականը:

Ի դեպ, տարածքը ռեկրեացիոն է, գտնվում է պատմական զարգացման պահպանության գոտում։ Բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծի մանրամասները դեռևս անհայտ են։ Էսքիզների հիման վրա կարելի է միայն ասել, որ այն կազմված է լինելու հինգ բարձրահարկ շենքերից, որից երկուսն ավելի բարձր են, քան այս շենքերի հարևանությամբ գտնվող 31 հարկանի King David-ի շենքը:

«Սիթի Սենթր»-ի տնօրեն Ակակի Սոնգուլիան հաստատել է, որ նախագիծը քաղաքապետարան է ներկայացրել օրեր առաջ, սակայն գործակալությունից դեռ պատասխան չեն ստացել։

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են՝ քանի որ տարածքը գտնվում է Թբիլիսիի պատմական հատվածում, պլանավորման առաջադրանքի նախագիծը նախ պետք է համաձայնեցվի Մշակութային ժառանգության պաշտպանության խորհրդի հետ. «Այս փուլում Թբիլիսիի քաղաքապետարանը պլանավորման առաջադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հաստատել»:

«Սիթի Սենթր» ընկերությունը հանրային ռեգիստրում գրանցվել է 2009 թվականին: Տնօրեն Ակակի Սոնգուլիան իշխող «Վրացական երազանք» կուսակցության դոնոր է։ Նա անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին իշխող կուսակցությանը նվիրաբերել է 60 հազար լարի։ 2014-ին փոխանցվել է 20 հազար լարի։

«Սիթի Սենթր»-ի 100 տոկոս բաժնետոմսի սեփականատերը Կիպրոսում գրանցված SOFITSA HOLDINGS LIMITED ընկերությունն է։

Մյուս կողմից, գործարար Ռոման Փիփիայի Loyal Capital Group ընկերությունը 2019 թվականին bm.ge լրատվականին հայտնել էր, որ «Սիթի Սենթր»-ը իրենց հոլդինգի մի մասն է։ Փիփիայի ընկերությունն ի սկզբանե նախկին «Արագվի» ռեստորանի տարածքում պետք է կառուցեր Hyatt հյուրանոցը, որը պետք է ավարտվեր 2011 թվականին, սակայն ժամկետը հետաձգվեց մինչև 2014 թվականը։ Ըստ առկա տեղեկությունների՝ սեփականատերը չի խնդրել շինարարության ժամկետի երկարաձգում։

Այնուհետև Loyal Capital Group-ը պատրաստել է նոր նախագիծ և ներկայացրել քաղաքապետարանի հաստատմանը։ Ընկերության փոխնախագահ Մինդիա Գադաևն ասել է, որ 50 հազար քառակուսի մետր տարածքի վրա կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրում պետք է լիներ հյուրանոց, բնակելի տարածք և ֆինանսական կենտրոն։ Այս նախագիծը չի ստացել Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությունը։