Վրաց-ադրբեջանական սահմանի գործով կալանավորվածները գրավի դիմաց ազատ արձակվեցին

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի տարածքների դեմ իրականացված գործողությունների մեջ մեղադրվող քարտեզագետներին՝ Նատալիա Իլիչովային և Իվերի Մելաշվիլիին, գրավի դիմաց ազատ արձակեց:

Դատախազությունը պահանջում էր 30 հազար լարիի գրավ, սակայն դատարանը յուրաքանչյուրի դեպքում սահմանեց 20 հազար լարի գրավ: Հարուցված գործով քրեական գործը կրկին կշարունակվի:

Դատական նիստին զուգահեռ, քաղաքային դատարանի շենքի դիմաց ընթանում էր բողոքի ակցիա: Քաղաքացիական ակտիվիստները և ընդդիմադիր գործիչները կարծում են, որ կալանավորվածները քաղբանտարկյալներ էին և պետք էր օր առաջ նրանց ազատ արձակել:

Վրաստանի դատախազությունը վրաց-ադրբեջանական սահմանի ճշտման գործով պետական հանձնաժողովի նախկին անդամներ Իվերի Մելաշվիլիին և Նատալիա Իլիչովային ձերբակալեց հոկտեմբերի 7-ին: Քարտեզագետները առ այսօր չեն ընդունում իրենց մեղքը և նշում, որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ունի:

Դեռ անցած տարի քարտեզագետների ձերբակալությունից անմիջապես հետո բոլոր ընդդիմադիր կուսակցություններն ու գործիչները հայտարարում էին, որ ձերբակալվածները քաղբանտարկյալներ են և վերջիններիս կալանքի տակ պահելը «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի մաս էր կազմում, կապված էր խորհրդարանական ընտրություններում դիրքերի բարելավման և նախկին իշխանություններին քննադատելու ևս մեկ միջոց գտնելու հետ: