Վրաստանի կառավարությունը չի վերանայի շուկաների բացման ժամկետները

Այս փուլում Վրաստանի կառավարությունը չի նախատեսում փետրվարի 15-ից շուտ վերաբացել շուկաները։ Առևտրի կետերի ղեկավարներն արդեն տեղեկացված են։  Երկրում համաճարակային իրավիճակը հուսադրող է. եթե այս տեմպը պահպանվի, որոշ սահմանափակումներ կմեղմացվեն ժամկետից շուտ, սակայն շուկաների մասին խոսք չկա։ Հնարավոր է՝ վերանայվեն ուսուցման պրոցեսի ու հանրային տրանսպորտի հետ կապված ժամկետները։

Մեծ առևտրային կենտրոնների բացման ժամկետները վերանայվել են, ու ժամկետից շուտ կբացվեն,  քանի որ, ըստ կառավարության, այստեղ հաճախորդների հոսքն ավելի նվազ է, իսկ անվտանգության կանոնները խստորեն պահպանվում են։

Արդեն հստակ է, որ շուկաների վերաբացման դեպքում աշխատակիցների ոչ պակաս, քան 20%-ը պետք է PCR թեստ հանձնեն`  2 շաբաթը մեկ։ Առողջապահության նախարարության հատուկ հարթակում մինչև մարտի 1-ը գրանցվելու դեպքում թեստավորումն անվճար կլինի`  ինտենսիվ թեստավորման պետական ծրագրի շրջանակներում։

Հիշեցնենք` նոյեմբերի 28-ից Վրաստանում փակ են բոլոր մթերային ու շինարարական շուկաները, տոնավաճառները։ Նախատեսվում է վերաբացել փետրվարի 15-ից։ Այս որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել. շուկաների աշխատակիցները փողոցային բողոքի ակցիաներ են անցկացրել` փետրվարի 1-ին վերաբացվելու պահանջով։

Ըստ նախօրեին հայտարարված պլանի` սահմանափակումներ շարունակելու են լինել հանգստյան օրերին։ Որոշ ժամկետով շաբաթ-կիրակի չեն բացվի առևտրի կենտրոնները, չի գործի հանրային տրանսպորտը։