Վրաստանի սահմանը հատելու վերաբերյալ առաջիկայում փոփոխություններ են սպասվում. կառավարություն

Նախորդ տարվա մարտ ամսից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Վրաստանը սկսեց խիստ արգելքներ սահմանել երկրի ամբողջ տարածքով, ինչպես նաև, որոշում կայացվեց սահմանները փակել մի շարք երկրների հետ: 

2020 թվականի մարտի 14-ից Վրաստանը սահմանը փակեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ: Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվեց օտարերկրյա քաղաքացիներին հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը:

Այժմ սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր պահանջում են Վրաստանի կառավարությունից բացել սահմանները հարևան երկրների հետ և թույլ տալ հատել երկրի սահմանները:

«Ալիք Մեդիան» այսօր փորձեց Վրաստանի կառավարությունից տեղեկանալ՝ արդյո՞ք նախատեսվում է ցամաքային սահմանը բացել հարևան երկրների հետ և եթե այո, ապա ե՞րբ:

«Դեռևս սահմանը հատելու վերաբերյալ որոշման մեջ փոփոխություն չկա, բայց սպասում ենք փոփոխությունների: Մոտ օրերին կլինեն քննարկումներ և փոփոխություններ սահմանը հատելու հետ կապված: Այս պահին չենք կարող ասել կոնկրետ երբ կլինի նոր որոշումը, սակայն փետրվարից արդեն հայտնի կլինի ինչ փոփոխությունների մասին է խոսքը և հանրությունը կտեղեկացվի»,- մեզ հետ զրույցում նշեցին կառավարության աշխատակազմից:

Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները