Նոր վարչապետի կառավարության արտաքին քաղաքականությունը

Վրաստանի ապագա վարչապետի արտաքին քաղաքական ծրագրում առանձնահատուկ նշանակություն է տրվում եվրաինտեգրման նկրտումներին և ռազմավարական գործընկերների հետ համագործակցության խորացմանը, որպեսզի երկիրը կարողանա հասնել իր հիմնական նպատակին՝ ինքնիշխանության ամրապնդմանը և տարածքային ամբողջականության վերականգնմանը խաղաղ ճանապարհով։

Արտաքին քաղաքականության այս կետերը ներառվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության բոլոր կառավարությունների ղեկավարների, այդ թվում՝ արդեն նախկին վարչապետ, այժմ կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի կաբինետի ծրագրում։

Միևնույն ժամանակ, արտաքին քաղաքականության փորձագետները մատնանշում են, որ «Վրացական երազանքի» կառավարության իրական արտաքին քաղաքականությունը, որին 2023 թվականին գումարվեց Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացումը, տարբերվում է հռչակված արևմտամետ ուղուց և որոշում է կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, կուսկացության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, գրել է radiotavisupleba.ge լրատվականը:

Կառավարության ծրագիր՝ թղթի վրա

Խորհրդարանը շուտով վարչապետի պաշտոնում կհաստատի Իրակլի Կոբախիձեին, (Վրաստանի նախագահն արդեն հաստատել է-խմբ.): Վերջինիս կաբինետում փոխվում է միայն պաշտպանության նախարարը: Արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին կշարունակի պաշտոնավարել. նա ԱԳ նախարար է 2022 թվականի հունվարից:

Դարչիաշվիլին փետրվարի 7-ին խորհրդարանի արտաքին հարաբերությունների, Եվրոպայի հետ ինտեգրման ու սփյուռքի ու Կովկասի հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է կառավարության ծրագրի արտաքին քաղաքական մասը։ Մեջբերումներ և կարևոր իրադարձություններ ծրագրից՝ ստորև.

  • Այսօր աշխարհում կա բարդ աշխարհաքաղաքական միջավայր, որը պահանջում է մտածված, հետևողական քայլեր արտաքին քաղաքականության մեջ,
  • Չնայած մարտահրավերներին՝ կառավարությունը «կարողացավ խուսափել սպառնալիքներից» և արտաքին ճակատում «շոշափելի» հաջողությունների հասավ՝ դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու,
  • Կշարունակվեն աշխատանքները Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար,
  • Հատուկ ուշադրություն է դարձվելու գրավյալ տարածքներում անվտանգության և հումանիտար իրավիճակի բարելավմանը,
  • Կարևոր խնդիր է մնում հարկադիր վերաբնակների՝ իրենց տներ վերադարձի և «գրավյալ տարածքների չճանաչման քաղաքականության ամրապնդման» և միևնույն ժամանակ՝ «հաշտեցման քաղաքականության» վրա աշխատելը։ Կշարունակվեն ջանքերը խաղաղ ապաօկուպացիայի քաղաքականության ուղղությամբ,
  • Երկրի գլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը կխորանա, և «աշխատանքները կակտիվանան նրա հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի հարցով (փաստաթուղթը վերջնականապես ընդունելու համար)»,
  • Աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ընդգծեցին Ասիան և Եվրոպան կապող «Միջին միջանցքի» դերը։ Վրաստանը, որն ազատ առևտուր ունի ինչպես Եվրոպայի, այնպես էլ՝ Չինաստանի հետ, «կշարունակի այս ուղղությամբ կարևոր քայլեր ձեռնարկել»,
  • Հատուկ ուշադրություն է դարձվելու Չինաստանի հետ ռազմավարական համագործակցությանը. ծրագիրը խոստանում է, որ «հարաբերությունների զարգացումը կշարունակվի բոլոր առաջնահերթ ոլորտներում»,
  • Մոտ ապագայում կշարունակվի աշխատանքը Եվրամիության առաջարկությունների վրա՝ «անդամակցության բանակցությունները սկսելու նպատակով»։

Վարչապետ Կոբախիձեն ասել է, որ իր նպատակն է նախապատրաստել Վրաստանին 2030 թվականին անդամ երկրի կարգավիճակ ստանալու համար։

ԱՄՆ–ն՝ խոշոր ռազմավարական գործընկեր

Միացյալ Նահանգները ծրագրում նշված է որպես «խոշոր ռազմավարական գործընկեր»։ Այնուամենայնիվ, այս գործընկերության ուժը և դրան Թբիլիսիի հավատարմությունը կասկածի տակ են դրվել Վաշինգտոնի հայտարարություններին Թբիլիսիի ոչ դիվանագիտական ​​պատասխաններով: «Վրացական երազանքը» թեժ առճակատում ունեցավ ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանի հետ, այդ թվում՝ «Գլոբալ պատերազմի կուսակցության» մասին դավադրության տեսությունների շուրջ։

Ըստ Պետդեպարտամենտի՝ Կոբախիձեն մեղադրել է ԱՄՆ-ին «անկախ դատարանին միջամտելու» մեջ՝ վրացի դատավորների՝ «դատական ​​կլանի անդամների» նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։

Դարչիաշվիլին նամակ է հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որում պատժամիջոցները «առանց որևէ ապացույցի» անվանել է «բոլորովին անհասկանալի և անընդունելի» և պահանջել կամ ապացույցներ, կամ որոշումը չեղյալ համարել։ Այնուամենայնիվ, այժմ հայտարարել է, որ իրենք «կշարունակեն սերտ համագործակցությունը, քանի որ ԱՄՆ–ն Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է»։

Ռուսաստան և Ուկրաինա

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանքի» կառավարության օրոք հակաարևմտյան քարոզչության ուժեղացման վրա շեշտադրել է փետրվարի 6-ին՝ խորհրդարանին ներկայացրած վերջին տարեկան զեկույցի ժամանակ։ Նրա խոսքով, հակաարևմտյան քարոզչությունը «մարգինալ քաղաքական շրջանակներից տեղափոխվեց պաշտոնական հռետորաբանության, փոխարենը նկատելիորեն մեղմացան դիրքորոշումները Ռուսաստանի նկատմամբ»։

«Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա սրումը, միջազգային պատժամիջոցների պատճառով ԵՄ-ից և ԱՄՆ-ից հանրային հեռավորությունը, ամենակարևոր պահին, հարցեր առաջացրեցին մեր արտաքին կողմնորոշման ուժեղության մասին։ Շփոթեցնող հռետորաբանությամբ ու քայլերով մենք վտանգել ենք եվրաինտեգրման համար մեր ունեցած հսկայական աշխատանքն ու ձեռքբերումները»,- ասել է նախագահը։

Երբ ԱԳ նախարարի հակառակորդները հիշեցրել են Ռուսաստանի նկատմամբ նրա զուսպ վերաբերմունքի և Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների հասցեին իշխանության կոշտ հռետորաբանության մասին, ընդդիմախոսները նաև հարցրին, թե ինչո՞ւ ԱԳ նախարարն անձամբ Կիև չի ժամանել պատերազմի սկսվելուց գրեթե երկու տարի անց։ ԱԳ նախարարը հարցին հստակ և ուղիղ պատասխան չի տվել:

Կառավարության հակառակորդները հերթական հակաուկրաինական քայլ են համարել փետրվարի 5-ին պետական անվտանգության ծառայության արված հայտարարությունը՝ «Ուկրաինայից Վրաստանի տարածքով Ռուսաստանում ենթադրյալ ահաբեկչությունը կանխելու մասին»։

Ընդդիմադիրները մեղադրում են իշխանությանը Ռուսաստանի հետ «անողնաշար քաղաքականություն վարելու մեջ»։ Նախարարին հարցրել են, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումը՝ Աբխազիայի Բիիճվինթա ամառանոցների և այլ տարածքների՝  Ռուսաստանին անօրինական փոխանցման վերաբերյալ:

Դարչիաշվիլիի խոսքերով, կառավարությունը «քաղաքական հայտարարություններին զուգահեռ գերադասում է աշխատել գործընկերների հետ, մոբիլիզացնել նրանց ցավոտ հարցերի շուրջ, և ամեն անգամ, երբ Ռուսաստանի կողմից նման քայլեր էին ձեռնարկվում, ԱԳՆ-ն արտահայտում էր իր դիրքորոշումը»։

Չինաստանը՝ նոր ռազմավարական գործընկեր

Կառավարության այս տարվա ծրագրում առաջին անգամ կարևորվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ռազմավարական հարաբերությունների խորացումը։

Վրաստանը, որը դեռևս ՆԱՏՕ-ի հավակնորդ, ԱՄՆ ռազմավարական գործընկեր երկիր է, արդեն երկրորդ տարին բացահայտ խոսում է Պեկինի հետ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կապերի խորացման անհրաժեշտության մասին։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները սառել են: Մյուս կողմից՝ Եվրամիությունը շատ ակտիվ առևտուր է անում Պեկինի հետ, բայց համարում է «ռազմավարական մրցակից»։

Կոբախիձեի նոր կառավարության ծրագրում գրված է.

  • Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու փաստաթղթով սահմանված բոլոր առաջնահերթ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը,
  • Նախատեսվում է «Եվրոպայի և Ասիայի միջև ակտիվ համագործակցություն Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների ծավալների մեծացման առումով»:

Ինչ են ասում վերլուծաբանները

Վրացի վերլուծաբանները նոր վարչապետի օրոք արտաքին քաղաքականության էական փոփոխություններ չեն ակնկալում։ Ըստ նրանց՝ արտաքին քաղաքականության մեջ, հավանաբար, կշարունակվի «թաքնված բազմավեկտորության քաղաքականությունը»։

Փոփոխություններ կառավարությունում․ ինչ սպասել