Հոկտեմբերին զգալի գնաճ է նկատվել. Geostat

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով` հոկտեմբերին երկրում զգալի գնաճ է նկատվել մի քանի ենթախմբերում։

«Մթերքների և ոչ ալկոհոլային խմիչքների գինը բարձրացել է 3․0 տոկոսով, ինչն իրենից ենթադրում է մեկ ամսվա ընթացքում 0․96 տոկոս գնաճ։ Գներն աճել են հետևյալ ենթախմբերում՝ բանջարեղեն (9,0 տոկոս), հաց և հացաբուլկեղեն (5,5 տոկոս), ձուկ (4,2 տոկոս), կաթ, պանիր և ձու (3,6 տոկոս), շաքարավազ, մուրաբա և այլ քաղցրավենիքներ (1,2 տոկոս)։

Միաժամանակ, նվազել են մրգի և հատկապես խաղողի գները (-1,1 տոկոս)։ Հագուստի և կոշիկի գներն ևս աճել են 9,2 տոկոսով՝ մեկ ամսվա ընթացքում գրանցելով 0,29 տոկոս գնաճ, մասնավորապես, կոշիկի գներն աճել են 17,8 տոկոսով, իսկ ինչ վերաբերվում է հագուստին, ապա նկատվել է 3,7 տոկոս ինֆլացիա», — հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Նշվում է, որ տրանսպորտային ծառայությունների գինը ևս բարձրացել է (2,8 տոկոս)։

«Կոմունալ ծառայությունների ենթախմբում արձանագրել է ընդհանուր հաշվարկով գների 11.9 տոկոս աճ, նկատվում է նաև գնաճ առողջապահական ծառայությունների ոլորտում՝ 8.4 տոկոսով», — հաղորդում է «Գեոստատ»-ը։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր