Խորհրդարանը մերժել է գրանցել ադրբեջանական ազգանունները փոխելու նախագիծը

Լուսանկարը՝ Salam-ի ֆեյսբուքյան էջից

Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովը մերժել է գրանցել ադրբեջանական ազգանունների վերադարձի մասին օրենքի նախագիծը՝ ստորագրությունների անբավարար քանակի պատճառով, սակայն ասել է, որ իշխող թիմը նույնպես նախատեսում է պատրաստել նմանատիպ օրինագիծ, որը թույլ կտա Ադրբեջանի քաղաքացիներին «իրենց ավանդական ազգանվանը նման ազգանուն ընտրել»։ 

Նախապատմությունը

Վրաստանի էթնիկ ադրբեջանցի քաղաքացիների մի մասը վաղուց է հայտարարել, որ ցանկանում է իրենց ազգանուններից հանվեն ռուսական վերջավորությունները, «քանի որ դա դիտվում է որպես խորհրդային/ռուսական օկուպացիայի անցանկալի վկայություն»: 

Վրաստանում ադրբեջանցիների, ինչպես նաև Ադրբեջանում ապրողների ազգանունները հաճախ ավարտվում են ռուսերեն -ով , -և վերջածանցով: Սակայն պատմական ազգանվան վերջավորությունն այլ է, օրինակ. 

  • Խալիլով — Խալիլլի
  • Մամեդով — Մամեդլի
  • Իսմայիլովա — Իսմայիլ
  • Ալիև  — Ալիսոյ
  • Գուլմամեդովա — Գուլմամեդլի և այլն: 

Այս գաղափարի հետ կապված արշավը, որը կոչվում է «Վերադարձրու ազգանունս», մեկնարկել է 2020 թվականի սկզբին «Սալամ» քաղաքացիական հարթակի կողմից։ 

2021 թվականի ամռանը «Սալամը» նախաձեռնեց ստորագրահավաքի համազգային արշավ` օրենքով պահանջվող ստորագրությունների քանակով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար: 

Էթնիկ ադրբեջանցի քաղաքացիների նախաձեռնող խումբն օրինագիծը ներկայացրել է խորհրդարան հուլիսին, իսկ սեպտեմբերի 27-ին օրենսդիր մարմնում գրանցվել է 26 298 ստորագրություն։ 

Խորհրդարանի որոշումը

Ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովը նոյեմբերի 1-ի նիստում քննարկել է ստորագրությունների իսկությունը։ 

Հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին նիստում հայտարարել է, որ նախաձեռնող խմբի կողմից ներկայացված 26 298 ստորագրություններից խորհրդարանի կանոնակարգի պահանջներին համապատասխան նշված տվյալների թերի կատարման պատճառով անվավեր է ճանաչվել 3 370 ստորագրություն և փաստացի ընդունվել է միայն 22 928 ստորագրություն։

Այդ հիմքով հանձնաժողովը մերժել է նախաձեռնող խմբին՝ օրինագիծը ներկայացնելու իրավունքը, քանի որ օրենքը պահանջում է 25 000 ստորագրություն։ 

Մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն ասել է, որ «չնայած նման որոշմանը, հարցը չի տուժի»։ 

«Մի քանի պատգամավորներ պատրաստել են օրենսդրական նախաձեռնություն, որը կանդրադառնա այստեղ բարձրացված խնդրին։ Այդ իրավական մեխանիզմը կծառայի ադրբեջանական ծագում ունեցող մարդկանց, ինչը թույլ կտա նրանց փոխել իրենց ավանդական ազգանունին անհամապատասխան ազգանունները և ձևավորել դրանք իրենց մշակույթին բնորոշ ձևով»,- ասել է Սարջվելաձեն։

Այս հարցի վերաբերյալ իրենց տեսակետն են հայտնել նաև «Սալամ» նախաձեռնության անդամները։

«Չնայած հանձնաժողովն ու նրա աշխատակազմն ասում են, որ բացասական կարծիք կներկայացնեն Խորհրդարանի բյուրոյին, մենք կարծում ենք, որ դեռ ռեսուրս կա այդ կարծիքը դեպի լավը փոխելու համար»,- ասել է «Սալամ» նախաձեռնության ներկայացուցիչներից՝ Քյամրան Մամեդլին։ 

Մամեդլին ընդգծել է նաև, որ նախաձեռնող խումբն աշխատում է, հանդիպում է պատգամավորների հետ և հույս ունի, որ այդ գործընթացը կշարունակվի։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր