2026 թվականի հունիսի 23-25-ը Թբիլիսիում նախատեսված է ՄԱԿ-ի հանրային ծառայությունների համաժողովի անցկացումը: Վրաստանի արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ նախարար Պաատա Սալիան Նյու Յորքում այդ միջոցառմանն առնչվող հատուկ հանդիպում է անցկացրել:
Համաժողովը կազմակերպվում է Վրաստանի արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հարցերի դեպարտամենտի համատեղ ջանքերով: Հիմնական թեման է՝ «Հանրային ինստիտուտների տրանսֆորմացիա. նորարարության, հաշվետվողականության, մասնակցության և ներառականության զարգացում»:
«Պաատա Սալիան ՄԱԿ-ում հավատարմագրված դեսպաններին և CEPA-ի անդամներին հրավիրել է համաժողովին և նրանց մանրամասն տեղեկատվություն տրամադրել միջոցառման մասին: Համաժողովի նպատակն այն բարեփոխումների ճանաչումն է, որոնք Վրաստանն իրականացրել է հասանելի, արդյունավետ և նորարարական հանրային ծառայությունների զարգացման ուղղությամբ:
Պատվիրակները հետաքրքրություն են հայտնել մասնակցության վերաբերյալ: Նախարարի տեղակալները հանդիպման մասնակիցներին ներկայացրել են համաժողովի անցկացման մանրամասները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Թբիլիսիում կայանալիք միջազգային այս միջոցառմանը կմասնակցի շուրջ 500 պատվիրակ, նրանց թվում՝ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, թեմատիկ փորձագետներ, ակադեմիական շրջանակների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: