Իմ գյուղը. Խոխմել

Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթի երկրորդ շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք Ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում: Լավագույն շարադրությունների հեղինակները կխրախուսվեն «Ալիք մեդիայի» կողմից:

28783731_576016142761140_9001056094298046464_n

Հեղինակ՝ Անի Մանուչարյան

Տատիկս պատմում է` դեռ տարիներ առաջ գյուղում բնակչությունը շատ էր, կյանքը եռում էր, մարդիկ անհոգ էին` աշխատանք ունեին, երջանիկ էին իրենց պապական տներում և ամեն տան նոր մանկան ճիչը նշում էին ամբողջ գյուղով: Այդ ժամանակներից շատ չի անցել, սակայն շատ բան է փոխվել: Ամեն օր գյուղում ևս մեկ տան դուռ է փակվում և ամեն երեկո նկատում եմ, որ ևս մեկ օջախի լույս է պակասել:29746854_988624441290274_1241124752_o

Իմ գյուղում խնդիրներն անթիվ են: Հենց այդ խնդիրների պատճառով են մարդիկ հեռանում մեր գյուղից՝ փնտրելով բարեկեցիկ կյանք մեկ այլ գյուղում կամ քաղաքում:

Իմ գյուղի մեծ և ցավալի խնդիրներից է դպրոցի բացակայությունը, ինչի հետևանքով դպրոցական տարիքի երեխաներ ունեցող ընտանիքները, մտածելով երեխաներին գոնե կրթություն և որոշ չափով բարեկեցիկ կյանք ապահովելու մասին, բռնում են արտագաղթի ճամփան: Իմ համար էլ է շատ ցավոտ եղել գյուղում դպրոց չլինելու փաստը, որի հետևանքով տասը տարի հաճախել եմ մեր հարևան գյուղի դպրոցը և ընտանիքս ստիպված է եղել իմ պատճառով ժամանակավոր տեղափոխվել այդ գյուղ:29829932_988624444623607_2097684822_o

Ավելի փոքր տարիքի երեխաներն էլ մանկապարտեզ չունենալու խնդրի առաջ են կանգնած։

Լինելով Մառնեուլի շրջանի հայաբնակ գյուղերից մեկը, Խոխմել գյուղն էլ ունի ճանապարհների հիմնական խնդիրը, որից բողոքում են գյուղի բնակիչներն ու վարորդները, ովքեր ստիպված են լինում գրեթե ամեն օր անցնել այս քարուքանդ ճանապարհներով: Գյուղում խնդիր է նաև բուժկենտրոնի բացակայությունը, որտեղ մարդիկ կարողանային ստանալ առաջին բուժօգնություն:

Երիտասարդներիս մտահոգող խնդիրներից մեկն այն է, որ գյուղում չկա ինտերնետ կապ. կտրված ենք արտաքին աշխարհից:29747044_988624454623606_1977823811_o

Շատ ժամանակ, երբ շրջում եմ գյուղում՝ աչքերս լցվում են արցունքներով: Կար ժամանակ, երբ գյուղը խնդությամբ էր լցված, իսկ այսօր գյուղը չեն լքում միայն ծերերը:

Իմ գյուղի հին ու բարի օրերը վերադառնում են միայն ամռանը, քանի որ տարվա այդ եղանակին իրենց հայրենի գյուղ են վերադառնում կարոտած խոխմելեցիք և մի պահ՝ ներկայից կտրվելով, ընկնում են անցյալի գիրկն ու վայելում գյուղի մաքուր օդն ու հաճելի բնությունը:29829519_988624467956938_818107325_o

Ինձ համար շատ դժվար է այս ամենի մասին խոսելը, քանի որ այստեղ ապրելով շատ լավ եմ հասկանում, թե ընդամենը մի քանի տարի հետո ինչ տեսք կունենա իմ գյուղը: Իհարկե բնությունը կմնա անփոփոխ, նույնիսկ ավելի անտառախիտ, իսկ բնակչությունը ավելի կնվազի, չեն լսվի մանկան ճիչեր և դրսում խաղացող երեխաների ձայներ, քանի որ գյուղի բազում խնդիրների պատճառով, նրանք էլ իրենց ծնողների հետ կհեռանան գյուղից:

Բայց շատ ուրախ կլինեմ, որ ես սխալվեմ և տարիներ անց ոչ թե բնակիչների թիվը պակասի, այլ եռապատկվի, քառապատկվի և գյուղում կառուցվի դպրոց, մանկապարտեզ, փոքր հիվանդանոց, բացվեն նոր աշխատատեղեր և մարդիկ ապրեն անհոգ, այլ ոչ թե բռնեն արտագաղթի ուղին: Իսկ այն մարդիկ, ովքեր օտարության մեջ ապրում են հայրենի գյուղի կարոտով՝ վերադառնան:

«Իմ գյուղը» շարքի առաջին շարադրությանը Ջավախքի Մեծ Գոնդուրո գյուղի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Թողնել պատասխան