«Իմ սիրելի քաղաք». Պյոտր Սարուխանովի ցուցահանդեսը

Թբիլիսիում տեղի ունեցավ վիրահայ նկարիչ Պյոտր Սարուխանովի «Իմ սիրելի քաղաք» վերնագրով անհատական ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը Վրաստանի «Ազգային պալատի» և ՀՀ մշակույթի, երիտասարդության, կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

Նոյեմբերի 9-ին կայացած ցուցահանդեսին «Արվեստի պալատում» հավաքավել էին վիրահայ համայնքի ներկայացուցիչներ, ներկա էին նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, «Ազգային պալատի» տնօրեն Գիորգի Կալանդիան։ Վերջինս իր ելույթում նշեց, որ ուրախ է հյուրընկալել Սարուխանովի ցուցահանդեսը «Ազգային պալատում»։

Սարուխանովը «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց, որ այստեղ ներկայացված են վերջին 10 տարում նկարված իր նկարների մի մասը․

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր եկել են ներկա գտնվելու իմ նկարների ցուցահանդեսին: Այստեղ ներկայացված են նկարներ, որոնք արվել են վերջին 10 տարիների ընթացքում, դրանք ներկայացնում են իմ հույզերը, զգացմունքները՝ կապված այս շրջանի հետ, իմ մանկության ու  հիշողությունների հետ։ Ես ծնվել և մեծացել եմ Թբիլիսիում, և իմ թբիլիսիյան պատմությունը փորձել եմ ցույց տալ նկարների միջոցով։ Հուսով եմ ՝ դա ինձ մոտ ստացվել է․ այցելուները նայելով դրանց, կտեսնեն անցյալը, ներկան և ապագան»։

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր ելույթում նշեց, որ Սարուխանովի նկարներն արտացոլում են հայ-վրացական բարեկամությունը, և դա նկատելի է նկարների գույներում, որոնք բացի հայկականից, նաև հարստացած են վրացական արվեստի գույներով։

Նկարչին տրված հարցին, թե կարող է արդյոք առանձնացնել որևէ նկար իր աշխատանքներից, պատասխանեց․

«Ամեն րոպե մարդ տարբեր հույզեր է ունենում, ես իմ աշխատանքներին նայելով միշտ տարբեր զգացողություններ եմ ստանում․ իմ վիճակից է կախված․․․։ Նկարները ևս կենդանի մարմնի նման են, դրանք ևս կենդանի կայնքով են ապրում, և երբ դու ուղիղ շփման մեջ ես, երկխոսում ես, նկարը քեզ ինչ-որ բան է հուշում», — ասաց Սարուխանովը։

Ցուցահանդեսի վերջում հնչեց նաև երաժշտություն՝ Լևոն Ալոյանցի նվագարկմամբ։