Իշխանության հարցումներով ժողովրդավարությունը կարևոր չէ

Իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով «Գորբի» հետազոտական կենտրոնի կողմից իրականացված հարցումների արդյունքները հայտնի են։

Հետազոտությանը քննադատաբար են արձագանքել քաղաքացիական հասարակության անդամները, սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր:

Հարցման շրջանակներում՝ հարցվածներին խնդրել են նշել ամենակարևոր երկու խնդիրները, սակայն իշխանամետ կազմակերպության հրապարակած տեղեկատվության համաձայն հարցվածներից ոչ ոք չի նշել ժողովրդավարության, մարդու իրավունքների և լարիի կուրսի հետ կապված խնդիրները:

Հրապարակված հարցման  պատասխանները՝

  • Աշխատանքի տեղավորման խնդիր՝ 37 տոկոս,
  • Օկուպացված տարածքներ/տարածքային ամբողջականություն՝ 33 տոկոս,
  • Աղքատություն և սոցիալական աջակցություն՝ 29 տոկոս,
  • Գնաճ՝ 24 տոկոս,
  • Առողջապահություն՝ 23 տոկոս,
  • Կրթություն՝ 21 տոկոս,
  • Թոշակ՝ 13 տոկոս,
  • Լարիի կուրս՝ 0 տոկոս,
  • Ժողովրդավարություն՝ 0 տոկոս,
  • Մարդու իրավունքներ՝ 0 տոկոս։

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի կողմից 2022 թվականի հուլիսին անցկացված հարցումների համաձայն, «Ձեր կարծիքով, Վրաստանում այս պահին արդյոք ժողովրդավարություն կա» հարցին բացասական պատասխան է տվել հարցվածների 42 տոկոսը, դրական՝ 39 տոկոսը, չգիտեմ՝ 17 տոկոսը։

Իսկ 2021 թվականի հուլիսին անցկացված հարցման համաձայն հարցվածների 62 տոկոսը նշել է, որ Վրաստանում ժողովրդավարություն չկա:

Բացի այդ, ուսումնասիրության մեջ նշվում է, որ «Վրացական երազանքի» կողմնակիցների շրջանում է աճել Վրաստանը ժողովրդավարական երկիր համարողների թիվը։

«Գորբիի» հարցման համաձայն՝ «քաղաքական որ գործչի աշխատանքն է Ձեզ դուր գալիս հարցին» հարցվածները հետևյալ կերպ են պատասխանել․

  • Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 35 տոկոսը,
  • Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլինը՝ 61 տոկոսը,
  • Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեինը՝ 63 տոկոսը։

Տեղեկության համաձայն՝ «Գորբիի» հարցման շրջանակներում հարցազրույցներ են անցկացվել Վրաստանի 2026 քաղաքացիների հետ մարզերում և Թբիլիսիում։

Հատկանշական է, որ ISFED հասարակական կազմակերպությունը արձագանքել էր 2022 թվականին «ԳՈՐԲԻ» ընկերության կողմից անցկացված սոցհարցման արդյունքներին՝ փաստելով․ «Իմեդի» հեռուստաընկերության պատվիրած հետազոտությունը քարոզչական գործիք է, փորձ ներկայացնելու հակաարևմտյան հռետորաբանությունը որպես հասարակական կարծիք»: