Իվանիշվիլիի ռուսական իշխանությունը խոչընդոտ է ԵՄ ճանապարհին. Մելիա

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիան արձագանքել է Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ Եվրամիության տարեկան զեկույցի հրապարակմանը:

Մելիան նշել է, որ այս փաստաթուղթը հերթական ակնարկն է այն մասին, որ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի հետ Վրաստանը երբեք չի անդամակցի Եվրամիությանը։

Մելիայի խոսքով, ըստ այդ փաստաթղթի՝ Վրաստանը հետընթաց է ապրել ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ոլորտում։

ՄԱՇ նախագահի պնդմամբ՝ սա ևս մեկ հայտարարություն է, որ Իվանիշվիլիի ռուսական իշխանությունը խոչընդոտ է Եվրամիության ճանապարհին:

«Զեկույցում նշվում է, որ Վրաստանում ընտրությունները կեղծվում են, լրագրողները, հանրային պաշտպանները և հասարակական կազմակերպությունները ենթարկվում են հարձակումների, երկրում քաղաքական հետապնդում է իրականացվում, պետական ​​կառույցները առևանգվում են»,- ասել է Մելիան։

Ինչպես նշել է Մելիան՝ «ռուսական երազանքը» (նկատի ունի իշխող «Վրացական երազանք»-ին.– խմբ.) մարդկանց ընտրության առաջ է դնում՝ Բիձինա, թե Եվրոպա։

«Վրացական երազանքը» չի ընդունում, որ դատարանը բարեփոխումների կարիք ունի, հակառակը՝ պնդում է, որ վրացական դատարանն անաչառ է և անկախ։ Նաև Եվրահանձնաժողովը մեզանից պահանջում է ապաօլիգարխացում, և կառավարությունը ոչ միայն չի կատարում այդ պահանջը, այլև ամեն օր պնդում է, որ իրենց միակ և հիմնական խնդիրը օլիգարխ Իվանիշվիլիի ֆինանսների պաշտպանությունն է»,- ասել է Մելիան։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն ուրբաթ օրը հրապարակել է Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ իր տարեկան զեկույցը։ Զեկույցում ամփոփված են անցած տարվա ընթացքում ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագրի շրջանակներում Վրաստանի իրականացրած բարեփոխումները և այդ կապակցությամբ Եվրամիության դիտարկումները։

Ճնշում է կատարվել օմբուդսմենի գրասենյակի նկատմամբ. ԵՄ