Ճնշում է կատարվել օմբուդսմենի գրասենյակի նկատմամբ. ԵՄ

Եվրամիությունը, Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման գնահատման մեջ գրել է, որ ճնշում է եղել Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի նկատմամբ, քանի որ գործակալությունը չի խուսափում բարձրաձայնել սենսիտիվ հարցերը։

Օմբուդսմենի գործունեությունն այս զեկույցում դրական է գնահատվում։

«Հանրային պաշտպանը և նրա աշխատակազմը ակտիվորեն շարունակել են կատարել իրենց վերահսկողական դերը: Նրա մանդատի համաձայն` տրված հանձնարարականները միայն մասամբ են իրականացրել վրացական իշխանությունները:

Գրասենյակը ճնշման տակ է եղել որոշ սենսիտիվ հարցեր բարձրաձայնելու պատճառով, ներառյալ Tbilisi Pride-ը և նախկին նախագահ Սաակաշվիլիի ազատազրկումը, փորձեր են արվել նաև խախտել հանրային պաշտպանի գրասենյակի անկախությունը», — ասվում է օգոստոսի 12-ին հրապարակված զեկույցում։

Նշենք, որ Եվրամիությունը հրապարակել է Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում իրականացված բարեփոխումների գնահատման զեկույցը։ Փաստաթուղթը, որտեղ խոսվում է առաջընթացի և հետընթացի մասին, հրապարակվել է օգոստոսի 12-ին՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի հերթական նիստից գրեթե մեկ ամիս առաջ։ Նիստը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 6-ին։