Քաղաքական հաշվեհարդա՞ր․ պահանջում են ազատ արձակել ցույցի մասնակցին

Վրաստանում «օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունման դեմ սկիզբ առած ներքաղաքական լարվածությունը պահպանվում է․ այս անգամ, բողոքի ալիքը 21-ամյա Լազարե Գրիգորիադիսի ձերբակալության դեմ է։

Վերջինս մեղադրվում է մարտի 7-8-9-յան իրադարձությունների ժամանակ «Մոլոտովի կոկտեյլ» նետելու և ոստիկանական մեքենան այրելու փորձ կատարելու մեջ։ Քաղակտիվիստները, հարյուրավոր քաղաքացիներ պարբերաբար ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել Գրիգորիադիսին։ Նրանք վստահեցնում են՝ Լազարե Գրիգորիադիսը քաղբանտարկյալ է։

Վերջին ակցիային մասնակցել է նաև Թբիլիսի ժամանած գերմանացի եվրապատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը: Նրա խոսքով, կարևոր է, որ հասարակությունն աջակցի Գրիգորիադիսին:

Քաղաքացիները ցույցի են դուրս եկել «Ես եմ նետել» (նկատի ունեն «Մոլոտովի կոկտեյլը») գրությամբ պաստառներով և Գրիգորիադիսին սատարող հաղորդագրություններով։

Ըստ նրանց՝ այս կերպ իշխանությունը պատժում է երիտասարդությանը, որը մարտի սկզբին բողոքի լայնածավալ հանրահավաքներով ստիպել է իշխանություններին հետ կանչել օրենքը։ Ցույցի մասնակիցների խոսքով, Գրիգորիադիսը ներկա յուրաքանչյուր ցուցարարի հետ ընդամենը բողոքել է «գործակալների» մասին օրենքի դեմ, որը լուրջ վտանգ էր ներկայացնում Վրաստանի եվրաինտեգրման համար։

Մարտի 31-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Գրիգորիադիսին երկամսյա նախնական կալանքի է դատապարտել։ Պաշտպանական կողմը պահանջել է նրա նկատմամբ կիրառել 10 հազար լարիի չափով գրավ։

Դատավորի որոշմանը հաջորդել են բողոքի ակցիաներ ու աղմուկ դատարանի դահլիճում ու բակում։ Խորհրդարանի շենքի մոտ մարտի 31-ին տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Գրիգորիադիսի։

Վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են Գրիգորիադիսին սատարող հաղորդագրությունները։ Երաժիշտներ, արվեստագետներ, քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ իրենց համերաշխությունն են հայտնում 21-ամյա տղային։

Իշխանության առաջին դեմքերի գնահատականների ներքո, երբ նրանք մարտյան գործողությունների երիտասարդ ցուցարարներին անվանում էին «սատանիստներ», «կողմնորոշումը կորցրածներ», «հազար լարիանոց երիտասարդներ», քաղակտիվիստները վստահ են, որ Գրիգորիադիսի արտաքինն (ներկած մազերն ու  դաջվածքները) է պատճառներից մեկը, որ նա ոստիկանության թիրախում է հայտնվել։

Մարտի 31-ի նիստում Գրիգորիադիսն ասել է, որ ցանկանում է կրկին ցուցմունք տալ: Նա արդեն մեկ ցուցմունք է տվել՝ առանց փաստաբանի։ Այս ցուցմունքում 21-ամյա Գրիգորիադիսը խոստովանել է, որ «Մոլոտովի կոկտեյլ» է նետել և այրել ոստիկանի մեքենան։ Նրա փաստաբան Լիկա Բիթաձեն կարծում է, որ այդ ցուցմունքը, հավանաբար, հնարավոր է դարձել ոստիկանների ճնշումների ներքո:

Հիշեցնենք՝ Վրաստանում, հատկապես Թբիլիսիում, խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի առաջին ընթերցումից հետո՝ մարտի 7-8-9-ին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Օրենքը նախատեսում էր Վրաստանում ստեղծել օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստր, որտեղ էլ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները պարտավոր կլինեին գրանցվել: Հրաժարվելու դեպքում՝ նրանց կգրանցեին մեխանիկորեն, այնուհետև կտուգանեին 25 հազար լարիով, իսկ տուգանքը չվճարելու դեպքում՝ ևս տասը հազարով: Այս տուգանքը չվճարելու դեպքում կազմակերպության բոլոր հաշվեհամարները կարգելափակվեին: