Կորոնավիրուսային պատումներ.Կյանքը քովիդ 19-ի ֆոնին

Ինչպես գիտենք, մենք դարձանք այն սերունդը, որը ականատեսը եղավ դարի գլխավոր վիրուսի առաջացմանն ու տարածմանը։ Այն էլ մի դարում, որում կարելի էր գտնել այն ամենն, ինչ կանցներ մարդու մտքով։ Գերզարգացած մի ժամանակաշրջանում մարդը զգաց իր փոքրությունն ու անզորությունը, երբ վիրուսը րոպե առ րոպե տարածվում էր՝ խլելով մարդկային կյանքեր։ Վարակակիրները գնալով շատանում էին, թվերն ավելանում, անզոր էին բոլորն ու ոչ ոք վիրուսից ապահովագրված չէր…

<<Քովիդ-19>> համաճարակի դեմ մոլորակը, ինչպես նաև Վրաստանը շարունակում է պայքարել մինչ այսօր։  Ինչպես գիտենք, մեր մոտ էլ անցած տարվա մարտից համաճարակի պատճառով ուժի մեջ մտան մի շարք սահմանափակումներ՝ պարետային ժամ, բժշկական դիմակի կրում, հեռավար դասեր, հեռավորության պահպանում և այլն։ Մի խոսքով հիմնահատակ փոխվեց բոլորիս կյանքը, կորցրեցինք նախկին բնականոն կյանքի ռիթմը։ Դրա ապացույցներից մեկը մեր օնլայն դասերն էին։ Սկզբում բնականաբար խուճապ կար՝ ինչպե՞ս է ընթանալու, կկարողանանք գլուխ հանել, թե՞ ոչ։ Լարվածությունը մեծ էր, քանի որ նորույթ էր։ Առաջին հեռավար դասն անցկացվեց Ֆբ-ով (դեռ զումին չէինք հասել), դասախոսը ուղիղ եթեր էր մտել ու դասախոսություն էր կարդում, իսկ մենք մեր անուն ազգանունը մեկնաբանություն թողնելով ներկա էինք ստանում (հիմա ծիծաղով ենք հիշում), սկզբում ամեն ինչ խորթ էր ու բարդ, հոգնեցնող ու տհաճ, սպասում կար անընդհատ, որ կվերադառնանք լսարաններ ու կանցնենք մեր նախկին ռեժիմին, բայց այդպես չեղավ, խնդիրն այն էր, որ հեռավար ֆորմատին լավ ծանոթ չէինք, ինչն էլ ամեն ինչ ավելի էր բարդացնում։ Բայց դա միայն սկզբում՝ ինչպես ասում են, մարդն ամեն ինչի հետ հարմարվում է։ Կարճ ժամանակ անց այս ֆորմատը դարձավ սովորական, արդեն 3-րդ կիսամյակն ենք անցկացնում հեռավար ու հիմա ամեն ինչ մի քանի անգամ ավելի հեշտ է թվում՝ թե առավոտյան ժամը 9-ի դասախոսություններին մասնակցելը, թե սեմինարներ և քննություններ հանձնելը։

Ցավոք, հիմա դիմակները մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել, դրսում ուղղակի քայլելն ու մաքուր օդ շնչելը երազանք է (քաղաքը դատարկ է թվում, անշուք ու մռայլ), պարետային ժամը մարդկանցից ազատությունն է խլել՝ չտուգանվելու պատճառով մարդիկ պարտավորված մինչև 21:00-ն պիտի ավարտած լինեն դրսի հետ կապված ամեն մի գործ, հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցումը ևս մի շարք խնդիրների առաջ է կանգնեցնում հասարակությանը։ Կաղապարների մեջ ենք ասես… Պարետային ժամի արգելքի չեղարկումից հետո որոշել եմ հիանալ մութ ու քնած քաղաքով՝  լույսերի ներքո։ Հուսով եմ դա իրականացնելու ժամանակը մոտ է…

Նախկին կյանքին կարոտելու շատ առիթներ կան։ Արդեն մի տարի ու ավել ժամանակ է, ինչ ապրում ենք վիրուսի հետ, ազատ տեղաշարժի խնդիր կա ու անհնար է չկարոտել այն ժամանակները, երբ գաղափար էլ չունեինք այս գրողի տարած վիրուսի մասին։ Բայց չկա չարիք առանց բարիքի, համոզված եմ, շատերս հիմա գնահատել ենք սովորել այն ամենն, ինչն առաջ չէինք էլ նկատում՝ դա կլինի մաքուր օդ շնչելը, թե զուտ քայլելն առանց վարակվելու վախի։ Ապրելով վարակվելու ու սահմանափակումները չխախտելու վախով, մեր ունեցած նախկին ազատությունը կարոտելով, հիմա գնահատել գիտենք։ Հույս ունեմ, որ շուտով կվերջանա այս մղձավանջն ու կվերադառնանք մեր նախկին առօրյա կյանքին։ Ընթերցողներիս ցանկանում եմ նախ առողջություն (դա ամենակարևորն է կյանքում), իհարկե դրական լիցքերով օր և լավատեսություն։

Աննա Հակոբյան, 22 տարեկան

Մառնեուլիի շրջան, գ. Շահումյան

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: