Կորոնավիրուսը Վրաստանում. մարտի 17-ի տվյալները

Վրաստանի պաշտոնական տվյալների համաձայն երկրում կորոնավիրուսով վարկման 34 դեպք է արձանագրվել:

Մարտի 17-ի դրությամբ կարանտինային գոտում գտնվող քաղաքացիների թիվը զգալիորեն աճել է և կազմում է 1008: Ստացիոնար վերահսկողության տակ է 64 մարդ:

Մարտի 16-ին պաշտոնապես գրանցվեց առաջին վարակակրի առողջացումը: Պացիենտն ավելի ուշ լքեց Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցը: Ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային գոտու ղեկավար Մարինա Էնդելաձեի խոսքով այսօր հավանաբար դուրս կգրվի նաև երկրորդ պացիենտը:

Վրաստանում ինքնամեկուսացման պայմաններում է գտնվում 1000-ից ավել մարդ, ովքեր վերջին օրերին ժամանել են եվրոպական տարբեր երկրներից: Ինքնամեկուսացման կանոնների խախտման համար ՆԳՆ-ի աշխատակիցները վերջին օրերին 55 մարդու են տեղափոխել կարանտինային գոտի: